ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Մարդու իրավունքների լուսաբանումը փակ հաստատություններում
Ուղեցույցի մասին
Սույն ուղեցույցը մշակվել է «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի կողմից «Հետաքննող լրագրողների» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրնիրականացվում է ԵՄ աջակցությամբ և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի համաֆինանսավորմամբ և մեկնարկել է 2017 թ.։

Ուղեցույցը նպատակ ունի նպաստել լրագրողների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ անդրադառնալով ոլորտի իրավական միջազգային ու ներպետական կարգավորումներին, լրագրողական էթիկայի հետ կապված հարցերին, փակ հաստատություններ մուտք գործելու, լուսաբանումներ կատարելու համար անհրաժեշտ տեղեկատվությանը և այլ հիմնահարցերի։

Ուղեցույցը հանդիսանում է «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի սեփականությունը և այն օգտագործելիս համապատասխան հղումների կատարումը պարտադիր է։

Ավելին ծրագրի մասին
Հեղինակներ
Զարուհի Մեջլումյան, հետաքննական լրագրությունում մասնագիտացած լրագրող, իրավաբան։

Արթուր Սաքունց, իրավապաշտպան, լրագրող, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ։
Ուղեցույցում օգտագործված հապավումները
ՁՊՎ- Ձերբակալված անձանց պահման վայրեր
ՔԿՀ- Քրեակատարողական հիմնարկ
ՔԿԾ- Քրեակատարողական ծառայություն
ԱՆ- Արդարադատության նախարարություն
ՀՀ ԱՆ ՔԿԾ - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն
ՄԻԵԿ - Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիա
ՄԻԵԴ- Մարդու իրավունքների եվրոպական դատարան
ԽԿԿ - Խոշտանգումների կանխարգելման կոմիտե
ԵԽ- Եվրոպայի խորհուրդ
ԶԼՄ- Զանգվածային լրատվության միջոց
ՔՕ- Քրեական օրենսգիրք
ՔԿՕ - Քրեակատարողական օրենսգիրք
ՄԱԿ - Միացյալ ազգերի կազմակերպություն
Նախագծի գործընկերներն են․
Ուղեցույցի վերաբերյալ մասնագիտական կարծիք և առաջարկներ են տրամադրել "Save the Children International" միջազգային կազմակերպության Հայաստանյան ներկայացուցչությունը, ՀՀ Սոցիալական պաշտպանության նախարարությունը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և ՀՀ Արդարադատոության նախարարությունը, ինչի համար ծրագիրն իրականացնողները հայտնում են իրենց շնորհակալությունը։
Ներածություն
Նոր ժողովրդավարական հասարակություններում լրագրողներն ունեն հսկայական դեր մարդու իրավունքների զարգացման գործում: Իսկ լրագրողների կողմից հասարակությանը տրված տեղեկատվությունը մտքի «կերակուր» է: Լրագրողներս էլ այդ մտքի կերակուրը հանրության համար պատրաստողներն ենք:

Բնականաբար, մեր պատրաստած ու հանրությանը մատուցած մտքի սնունդը պետք է բաղկացած լինի առողջ բաղադրիչներից, այսինքն՝ հնարավորինս պետք է բացառենք լրագրողական «fast food»-ը: Արագ, ոտքի վրա, ականջի ծայրով լսած տեղեկությունը դեռևս լրագրություն չէ: Այն կարիք ունի ստուգման, վերլուծման: Եվ պետք չէ մոռանալ, որ հանրության ականջն ու, հետևաբար, միտքը ունեն տեղեկության վերլուծման սեփական ներքին զտիչներ՝ ֆիլտրեր, որոնցով զտում են` տարբերակելով կեղծիքը, անճշտությունը իրական փաստից:

Փակ պետական հաստատությունների`հատուկ ռեժիմային պայմաններում հայտնված մարդիկ հասարակության խոցելի խմբերից են: Գաղտնիք չէ՝ եթե պետական կառույցը փակ է, այսինքն՝ ունի հատուկ ռեժիմ, ապա շատ կարևոր փաստեր, իրողություններ դուրս են մնում հանրային վերահսկողության աչքից: Իսկ այդ վերահսկողության գործառույթը շատ հաճախ ապահովում են լրագրողները:

Այդ պայմաններում, բնականաբար, մարդու իրավունքների խախտման դեպքերը կարող են առավել զգալի լինել, քան բաց հասարակություններում: Հետևաբար, կարևոր է, որ լրագրողները գրագետ լուսաբանումների միջոցով հանրության՝ տեղեկացված լինելու իրավունքը ապահովեն նաև այնպիսի փակ հասարակություններում տիրող իրավիճակի վերաբերյալ, ինչպիսիք են՝ ձերբակալվածներին պահելու վայրերը, քրեակատարողական հիմնարկները, հոգեբուժական հաստատությունները:

Բնականաբար, պետական փակ կառույցներում մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկատվությունը նույն պետական կառույցներում ձգտում են թաքցնել, «պահել հազար կողպեքի տակ», որպեսզի հասարակությունը չունենա բավարար իրազեկվածություն: Իսկ եթե հանրությունը լրագրողների միջոցով իրազեկված չլինի, չստանա օբյեկտիվ տեղեկություն, չի կարող ձևավորել համարժեք հանրային կարծիք:

Արդյունքում, կշարունակեն իշխող լինել հանրային կարծրատիպերը, իսկ փակ պատերի ներսում կշարունակվեն մարդկանց իրավունքների խախտումները: Հարկ է նշել` տարբեր պետությունների փորձը ցույց է տալիս, որ փակ համակարգերում մարդու իրավունքների խախտումների կանխարգելման համար էական նշանակություն են ունեցել հենց լրագրողները՝ իրենց հետաքննական նյութերի միջոցով:



Հետևաբար, այս ուղեցույցը նպատակ ունի ՝

Լրագրողներին համապարփակ ներկայացնել փակ հաստատությունները;
Ներկայացնել փակ հաստատություններում մարդու իրավունքների հիմնական խնդիրները;
Ներկայացնել ոլորտի իրավական միջազգային ու ներպետական կարգավորումները;
Ներկայացնել լրագրողական էթիկայի հետ կապված հարցեր;
Ներկայացնել փակ պետական կառույցների լուսաբանման առանձնահատկությունները;
Տալ փակ հիմնարկներ մուտք գործելու և տեղում լուսաբանումներ անելու համար անհրաժեշտ տեղեկատվություն;
Նպաստել, որպեսզի լրագրողների հրապարակումները լինեն առավել ստուգված, գրագետ, ազդեցիկ ու անխոցելի;
Ապահովագրել հրապարակումները դիլետանտիզմից։

Ուղեցույցը ներառում է 5 հիմնական գլուխ, որոնք վերաբերում են փակ հաստատությունների սահմանմանը, թվարկմանը, նկարագրմանը, խնդրի միջազգային ու ներպետական իրավական կարգավորումներին, էթիկական սկզբունքներին, փակ հաստատություններում մարդու իրավունքների առավել հաճախ հանդիպող խնդիրներին, այդ համակարգում գտնվող խոցելի խմբերի հարցերը լուսաբանելու առանձնահատկություններին, որոնց առնչվում են կամ կարող են առնչվել լրագրողները, և դրանց դիմագրավելուն, հաղթահարելուն ուղղված մեթոդներին:

Ուղեցույցն ունի նաև հավելվածներ, որտեղ տեղադրված են էթիկական կանոնագրեր, փակ հաստատություններ մտնելու թույլտվություն ու համաձայնություն ձեռք բերելու ձևաթղթեր: Ուղեցույցը եզրափակվում է օգտակար հղումներով:

Մենք՝ լրագրողներս, կարող ենք մատուցած սխալ տեղեկությունների, կանխակալ, ոչ օբյեկտիվ, մակերեսային ու ոչ հիմնավոր լուսաբանման պատճառով խախտել մարդու հիմնարար իրավունքները: Հայաստանյան ԶԼՄ-ների կողմից առավել հաճախ խախտվող իրավունքներից է անմեղության կանխավարկածը: Ինչն էլ հետագայում կարող է հանգեցնել ազատազրկված անձանց նկատմամբ կանխակալ վերաբերմունքի, ի վերջո, դառնալ ընդհուպ մինչև նախաքննական ու դատական սխալի գործոն:

Մենք՝ լրագրողներս, պիտի գիտակցենք, թե ինչ կարևոր աշխատանք ենք կատարում փակ դռների հետևում գտնվող մարդկանց ձայնը լսելի դարձնելու, նրանց խախտված իրավունքների մասին բարձրաձայնելու ուղղությամբ: Մեր գրագետ լուսաբանումները, հետևողական աշխատանքը կարծրատիպերի, անգամ՝ իրավիճակի փոփոխության հիմք կարող են դառնալ՝ վերականգնված իրավունքի տեսքով:

Ուստի, մարդու իրավունքների վերականգնումը, հարգումը ուղղակիորեն կախված են նաև չորրորդ իշխանության ներկայացուցիչների ազնիվ, խիզախ և գրագետ աշխատանքից:

Այս ուղեցույցը մշակվել է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագրի շրջանակներում Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ֆինանսավորմամբ։
1. Որո՞նք են փակ հաստատությունները. ՔԿՀ-ներ, ՁՊՎ-ներ, հոգեբուժարաններ
Քրեակատարողական հիմնարկները, ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերը և հոգեբուժարանները համարվում են փակ հաստատություններ:

Ինչո՞ւ են այդ պետական կառույցները կոչվում փակ հաստատություններ: Պատճառն այն է, որ այդ հիմնարկներում գործում է հատուկ ռեժիմային գոտի, որտեղ պահվում են օրենքի հիման վրա ազատությունից զրկված անձինք: Մուտքն այդ հաստատություններ իրականացվում է օրենքով և ենթաօրենսդրական ակտերով սահմանված հատուկ կարգով և համապատասխան թույլտվության համաձայն, որը տրվում է տվյալ կառույցի վարչակազմի, օրինակ` Քրեակատարողական վարչության կամ Արդարադատության նախարարության, Ոստիկանության կամ Առողջապահության նախարարության կողմից:

Բացի վարչակազմի թույլտվությունից, անհրաժեշտ է ստանալ փակ հաստատությունում պահվող անձի, իսկ անչափահասի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությունը:

Փակ հաստատություններում անձինք պահվում են պետական միջոցների հաշվին, գտնվում են պետության հոգածության և հսկողության ներքո: Պետությունն ունի պարտավորություն նրանց կյանքի, անվտանգության, առողջության պահպանման, արժանապատվությունը չոտնահարող կենսապահովման պայմանների, արժանապատվության նկատմամբ հարգալից վերաբերմունքի ապահովման և մարդու իրավունքների հարգման տեսանկյունից:
1.1 Քրեակատարողական հիմնարկներ
Քրեակատարողական հիմնարկները գտնվում են ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տիրույթում:

Քրեակատարողական հիմնարկները պետական կառույցներ են, որտեղ պահվում են
  • կալանավորված և
  • դատապարտված անձինք:

Կալանավորներն այն անձինք են, որոնց նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է կալանքը որպես խափանման միջոց, երբ դեռևս օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա: Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնում այն ժամանակ, երբ սպառվել են բոլոր երեք ներպետական կառույցների՝ ընդհանուր իրավասության, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների բողոքարկումները, կամ բողոքարկման ժամկետը,և վերջնական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Կալանավորները պահվում են մեկուսարաններում՝ փակ ռեժիմային գոտում:

Դատապարտյալներն այն անձինք են, որոնք պատիժը կրում են ազատազրկման ձևով՝ նրանց նկատմամբ ընդունված վերջնական դատական ակտի, այսինքն, օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա: Նրանք տեղաբաշխվում են համապատասխան քրեակատարողական հիմնարկներում:

Դատապարտյալների տեղաբաշխման հարցում հաշվի է առնվում հանցանքի ծանրության աստիճանը, դատապարտյալի ցանկությունը, բնակավայրին մոտ գտնվելու հանգամանքը, նախկին դատվածության առկայությունը, սեռը, տարիքը և այլ հանգամանքներ: ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 100-րդ հոդվածը սահմանում է նաև այլ պայմաններ:
Հայաստանում գործում է 12 ՔԿՀ: Դրանք են՝
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ
ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ
ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ
ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ
ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկ
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
Արմավիր ՔԿՀ
Հեղինակ՝ Վաղինակ Ղազարյան
«Աբովյան» ՔԿՀ-ում պահվում են կալանավորված ու դատապարտված կանայք ու անչափահասներ, իրենց համաձայնությամբ՝ նաև դրական վարքագիծ դրսևորած անչափահասները` մինչև 21 տարեկանը:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բուժում են ստանում այն կալանավորներն ու դատապարտյալները, որոնք ունեն առողջական խնդիրներ ու կարիք ունեն ստացիոնար բուժման: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը գտնվում է Երևան քաղաքում։ Այն միակ մասնագիտացված բուժհաստատությունն է քրեակատարողական համակարգում։

Հիմնարկն ունի տեղային երեք գոտի, յուրաքանչյուրում տեղավորված է մի քանի բաժանմունք։ Առաջին գոտում` վիրաբուժական, ատամնաբուժական, ախտորոշման և ֆիզիոթերապևտիկ, երկրորդ գոտում` ինֆեկցիոն, հոգեբուժական, թերապևտիկ, երրորդ գոտում` թոքախտաբանական, նարկոլոգիական, ռենտգենաբանական և կլինիկակենսաբանական բաժանմունքներն են:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվում են հիմնականում կալանավորներ և ցմահ դատապարտյալներ: Կալանավորներն առաջինից չորրորդ հարկերում են: Չորրորդ հարկի որոշ խցերում պահվում են նաև ցմահ դատապարտյալներ, հինգերորդ հարկում՝ միայն ցմահ բանտարկյալներն են: Հայաստանում մահապատիժ՝ որպես պատժատեսակ, գոյություն չունի: Այն վերացել է Հայաստանի` ԵԽ անդամ դառնալուց հետո՝ 2003 թ. ընդունված քրեական օրենսգրքով՝ ՄԻԵԿ 6-րդ արձանագրությունը վավերացնելուց հետո:

Սակայն 1991-2003 թթ. 95 ցմահ դատապարտյալներից 35-ը դատապարտվել են խորհրդային նախկին` 1961 թ. քրեական օրենսգրքով: Մահապատժի դատավճիռները մինչև 2003 թ. թեև կայացվում էին, սակայն չէին իրագործվում. 1991-ին ՄԱԿ-ի անդամ դառնալով` Հայաստանը մորատորիում էր ստորագրել, այսինքն՝ մահապատժի կիրառման արգելք կար:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 99-8դ հոդվածը կարգավորում է Ուղղիչ հիմնարկների տեսակները: Դրանք, ըստ մեկուսացվածության աստիճանների, հետևյալն են` փակ, կիսափակ, կիսաբաց, բաց: Փակ ռեժիմային գոտում՝ «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Աբովյան», «Արմավիր» ՔԿՀ-ներում, կան նաև մեկուսարաններ, որտեղ պահվում են նաև նախնական կալանքի տակ գտնվող անձինք, որոնց նկատմամբ դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

ՀՀ արդարադատության նախարարի` 28.02.2012թ. թիվ 30-Ն որոշման համաձայն՝ «Արթիկ», «Վանաձոր», «Գորիս» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները ևս հանդիսանում են կալանավորվածներին պահելու վայր:
Նուբարաշեն ՔԿՀ
Հեղինակ՝ Վաղինակ Ղազարյան
Փակ ռեժիմում գտնվում են նաև օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտյալներ, որոնք մեղադրվել են առանձնապես ծանր հանցագործությունների մեջ: Նրանք 23 ժամ փակված են խցում և միայն 1 ժամ տևողությամբ զբոսանքի հնարավորություն ունեն (կանայք և անչափահասները՝ 2 ժամ): Զբոսանքը տրվում է դարձյալ խցային պայմաններում. խցի տանիքը ճաղապատ է: Ըստ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 106-րդ հոդվածի` ուղղիչ փակ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչև չորս մարդու համար նախատեսված մեկուսացված խցում։

Փակ տիպի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կարող է պահվել մինչև 840 ազատությունից զրկված անձ։ Սակայն տասնամյակների ընթացքում տեղական ու միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցները փաստում են, որ փակ տիպի ռեժիմային գոտում մշտապես առկա է գերբնակեցում: Փակ տիպի հիմնարկների խցերում զուգարանները հիմնականում մեկուսացված են։

Կիսափակ ռեժիմում պահվում են ծանր հանցագործությունների մեջ մեղադրված անձինք: Նրանք նույնպես պահվում են խցերում, սակայն ունեն առնվազն 3 ժամյա զբոսանքի հնարավորություն:

Կիսաբաց ռեժիմում պահվում են միջին ծանրության հանցագործությունների մեջ մեղադրված անձինք, որոնք արդեն գաղութային պայմաններում, ցերեկային ժամերին կարող են դուրս գալ կացարանից, զբաղվել հողագործությամբ` մշակելով ՔԿՀ տարածքը, և ազատ տեղաշարժվել ՔԿՀ տարածքում:

Համաձայն ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 104-րդ և 105-րդ հոդվածների՝ կիսաբաց և կիսափակ ուղղիչ հիմնարկներում դատապարտյալը պահվում է մինչև վեց մարդու համար նախատեսված բնակելի կացարանում։ Կիսաբաց և կիսափակ հիմնարկներում ռեժիմների տարբերությունը պայմանավորված է դատապարտյալի՝ խցից դուրս գտնվելու հնարավորության տևողությամբ։

Բաց ռեժիմում հիմնականում պահվում են թեթև ծանրության ու անզգույշ հանցագործությունների մեջ մեղադրված անձինք: Ներկայումս ՀՀ քրեակատարողական հիմնարկների մեծ մասն իրենց կազմում ունի բաց ուղղիչ հիմնարկ: Այնտեղ ազատազրկվածները բնակվում են անջատ՝ այլ դատապարտյալներին պահելու գոտուց դուրս հատկացված կացարաններում:

Բաց ուղղիչ հիմնարկներում, համաձայն Քրեակատարողական օրենսգրքի, դատապարտյալները պետք է պահվեն մինչև տասը մարդու համար նախատեսված բնակելի կացարանում: Բաց ռեժիմում դատապարտյալները կարող են ունենալ աշխատանք՝ առավոտյան գնալ աշխատանքի և երեկոյան վերադառնալ ՔԿՀ-ի հանրակացարան:

Ռեժիմների փոփոխությունները նախատեսված են քրեակատարողական օրենսգրքով: Առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրված ու ցմահ ազատազրկման դատապարտված անձը՝ 20 տարի պատիժ կրելուց հետո կարող է տեղափոխվել կիսափակ ռեժիմային գոտի, այնուհետև՝ կիսաբաց: Նմանապես մյուս բոլոր դատապարտյալներին ևս որոշակի ժամանակահատված պատիժ կրելուց հետո մեկ ռեժիմային գոտուց կարող են տեղափոխել ավելի ցածր մեկուսացվածության աստիճան ունեցող ՔԿՀ ռեժիմային գոտի:


1.2 Ձերբակալված անձանց պահման վայրեր
ՁՊՎ-ները՝ ձերբակալված անձանց պահման վայրերը, լրագրողական աչքի համար շարունակում են մնալ փակ տարածքներ: Այնտեղ լրագրողները մուտք չունեն, քանի որ ՁՊՎ-ները գտնվում են ոստիկանական բաժիններում:

Այդ վայրերում պահվում են ձերբակալված անձինք: ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, ձերբակալված անձինք կարող են պահվել ոչ ավելի, քան 72 ժամ: Դրանից հետո նրանց կամ պետք է մեղադրանք առաջադրվի, կամ նրանք պիտի ազատ արձակվեն:

Ոստիկանության բաժիններն ու ՁՊՎ-ները գտնվում են ՀՀ ոստիկանության ենթակայության տակ: Հայաստանում գործում են 34 ՁՊՎ-ներ բոլոր մարզերում և Երևան քաղաքում.
Երևան
Սյունիք
Գեղարքունիք
Կոտայք
Շիրակ
Արագածոտն
Լոռի
Արմավիր
Արարատ
Վայոց Ձոր
Տավուշ


Երևան
Երևան, Էրեբունի բաժնի ՁՊՎ- Խորենացի 162
Սյունիքի մարզ
Սիսիանի ՁՊՎ - ք.Սիսիան, Գ.Նժդեհ 6

Կապանի ՁՊՎ - ք. Կապան, Երթուղայինների 4

Մեղրիի ՁՊՎ - ք.Մեղրի, Զորավար Անդրանիկի 10

Գորիսի ՁՊՎ - ք.Գորիս, Նարեկացի 3
Գեղարքունիքի մարզ
Գավառի ՁՊՎ - ք. Գավառ, Սայադյան 91

Ճամբարակի ՁՊՎ - ք. Ճամբարակ, Գ. Նժդեհ 121

Մարտունիի ՁՊՎ - ք. Մարտունի, Մյասնիկյան 5

Սևանի ՁՊՎ - ք. Սևան, Դեմիրճյան 8

Վարդենիսի ՁՊՎ - ք. Վարդենիս, Ազգալդյան 3
Կոտայքի մարզ
Կոտայքի ՁՊՎ - ք. Աբովյան, Զորավար Անդրանիկ 5

Հրազդանի ՁՊՎ - ք.Հրազդան, Հայֆիդայինների 1

Նաիրիի ՁՊՎ - ք. Եղվարդ, Շիրակի 1

Չարենցավանի ՁՊՎ - ք. Չարենցավան, Շահումյան 1
Շիրակի մարզ
Մուշի ՁՊՎ - ք. Գյումրի, Շիրակացի 19

Ախուրյանի ՁՊՎ - ք. Ախուրյան, Շիրակի խճուղի 13

Արթիկի ՁՊՎ - ք.Արթիկ, Գորկու 4
Արագածոտնի մարզ
Աշտարակի ՁՊՎ - ք.Ապարան, Տիգրան Մեծի 46

Ապարանի ՁՊՎ - ք.Ապարան, Գայի 9

Թալինի ՁՊՎ - ք.Թալին, Գորկու 14
Լոռու մարզ
Տարոնի ՁՊՎ - ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 3

Թումանյանի ՁՊՎ - ք. Ալավերդի, Թումանյան 4

Սպիտակի ՁՊՎ - ք.Սպիտակ, Ալեք Մանուկյան 1

Կալինինոյի ՁՊՎ - ք. Տաշիր,Պուշկինի 100
Արմավիրի մարզ
Արմավիրի ՁՊՎ - ք.Արմավիր, Ջիվանու 3

Վաղարշապատի ՁՊՎ - ք.Վաղարշապատ, Կամոյի 15
Արարատի մարզ
Արարատի ՁՊՎ - ք.Արարատ, Շահումյան 12

Արտաշատի ՁՊՎ - ք.Արտաշատ, Շահումյան 2

Մասիսի ՁՊՎ - ք.Մասիս, Բաղրամյան 30
Վայոց Ձորի մարզ
Վայքի ՁՊՎ - ք.Վայք, Երիտասարդության 2

Եղեգնաձորի ՁՊՎ - ք.Եղեգնաձոր,Միկոյան 18
Տավուշի մարզ
Դիլիջանի ՁՊՎ - ք.Դիլիջան, Մյասնիկյան 57

Իջևանի ՁՊՎ - ք.Իջևան, Երևանյան 13

Նոյեմբերյանի ՁՊՎ - ք.Նոյեմբերյան, Բարեկամության 4

Տավուշի ՁՊՎ -ք. Բերդ, Լևոնբեկի 11


ՁՊՎ-ների գործունեությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգը» հաստատելու մասին ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N574-Ն որոշման համաձայն:

Լրագրողները կարող են համապատասխան թույլտվության առկայության դեպքում ՁՊՎ-ներ մուտք գործել, քանի որ ազատությունից զրկված ցանկացած անձ ունի արտաքին աշխարհի հետ կապի իրավունք ինչպես միջազգային նորմերով, այնպես էլ` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով:

Ազատությունից զրկված ցանկացած անձ հնարավորություն ունի օգտվել արտաքին աշխարհի հետ կապի իր իրավունքից՝ անկախ ազատությունից զրկման տևողությունից, քանի դեռ չկա արտաքին աշխարհի հետ կապի իրավունքի սահմանափակման ողջամիտ և հիմնավորված անհրաժեշտություն:

Սակայն, քանի որ ՁՊՎ-ներում անձը չի կարող գտնվել 72 ժամից ավելի, իսկ լրագրողի` թույլտվություն ստանալը կարող է ավելի երկար տևել, ուստի ՁՊՎ-ներում գտնվող անձի մասին տեղեկատվությունը կարող է հասանելի դառնալ նաև ՄԻ պաշտպանի գրասենյակի, փաստաբանի, հարազատի կամ «ՀՀ ոստիկանության համակարգի` ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի» միջոցով:

ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները հանդես են գալիս իբրև կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչներ և մշտադիտարկման լիազորություն ունեն ՀՀ ոստիկանության` ձերբակալված անձանց պահելու վայրերում` ազատությունից զրկման վայրերում վատ վերաբերմունքի կանխարգելմանն ուղղված գործառույթներն իրացնելիս: Այս գործառույթներն իրագործվում են «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ:

ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Պաշտպանը հանդիսանում է անկախ պաշտոնատար անձ: Նույն սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` «Պաշտպանն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է իրավահավասարության, անկողմնակալության, հրապարակայնության, թափանցիկության և Սահմանադրությամբ ամրագրված այլ սկզբունքներով»: Տվյալ հոդվածների համադրությունից բխում է, որ Պաշտպանն իր գործունեությունը ծավալում է նաև օրինականության սկզբունքի հիման վրա:
Նուբարաշեն ՔԿՀ
Հեղինակ՝ Վաղինակ Ղազարյան
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը ոչ մի հոդվածով Պաշտպանին չի լիազորում ՁՊՎ-ում կամ այլ փակ հիմնարկում գտնվող անձի վերաբերյալ որևէ տեղեկություն տրամադրել ԶԼՄ-ներին: Ավելին, նույն սահմանադրական օրենքի մի քանի հոդվածներ արգելում են Պաշտպանի կողմից անձնական տվյալների որևէ հրապարակում:

Նույն սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` «մինչև բողոքի վերաբերյալ Պաշտպանի կողմից վերջնական որոշման ընդունումը քննարկման ենթակա բողոքները կամ դրանց բովանդակությունը հրապարակման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք արդեն հրապարակված են բողոքը ներկայացնողի կամ այլ անձանց կողմից»։

Միաժամանակ նույն սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի համաձայն «կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակներում ձեռք բերված տեղեկությունները ենթակա են պաշտպանության: Անձնական տվյալները ենթակա չեն հրապարակման՝ առանց անձի գրավոր համաձայնության»:

Ուստի, ՁՊՎ-ում պահվող անձի վերաբերյալ Պաշտպանի կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին որևէ տեղեկատվություն տրամադրելու համար յուրաքանչյուր դեպքում պարտադիր պայման է տվյալ անձի կողմից որևէ կերպ արտահայտված համաձայնությունը:

ՁՊՎ-ներում լրագրողներին հետաքրքրող հարցերից կարող են լինեն

  • խցերի պայմանները
  • ձերբակալվածների հետ վարվեցողությունը
  • սննդի կազմակերպումը
  • գնումները
  • մարդկանց իրավունքների խախտման դեպքերը

Գրեթե բոլոր ՁՊՎ-ներում (բացառությամբ Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունու ՁՊՎ-ների) տեսակցությունները տրամադրվում են ապակե միջնորմ ունեցող սենյակներում՝ սահմանափակելով տեսակցության ընթացքում ֆիզիկական շփման հնարավորությունը: Շփումն ապահովվում է հեռախոսի կամ ապակե միջնորմի վրա առկա անցքերի միջոցով: Այս հարցը բարձրացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ կանխարգելման ազգային մեխանիզմի մասին 2016- 2017 թթ. տարեկան զեկույցներում:
1.3 Հոգեբուժարաններ
Հիվանդանոցային հոգեբուժական ծառայությունը Հայաստանում իրականացվում է 7 հոգեբուժական կազմակերպության կողմից:

Ընդհանուր թվով կա 1483 մահճակալ:

Արտահիվանդանոցային ծառայությունն իրականացվում է

  • «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի,
  • ««Արմենիա» բժշկական կենտրոն» ՓԲԸ փսիխոսոմատիկ բաժանմունքի,
  • «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ հոգեբուժական բաժանմունք,
  • ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» ՓԲԸ կազմում գործող մանկական հոգեբուժական դիսպանսերի,
  • Մարզերի պոլիկլինիկաների հոգեբույժի կաբինետների,
  • Երևանի որոշ պոլիկլինիկաների փսիխոթերապևտիկ կաբինետների միջոցով:

Բոլոր կազմակերպությունները, բացի ««Արմենիա» բժշկական կենտրոն» և ««Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություններից, պետական են և գործունեություն են ծավալում պետական պատվերի շրջանակներում:

Ըստ ՀՀ հոգեկան առողջության պահպանման ու բարելավման 2014-19թթ. ծրագրի,

  • 100,000 բնակչի հաշվով, դիսպանսերային հաստատություններում բուժվողների թիվը 1311.5 է: Այդ ցուցանիշը ներառում է հարկադիր բուժում ստացող հիվանդներին, սոցիալական օգնություն ստացողներին, ինչպես նաև` դիսպանսերային հսկողության ներքո գտնվողներին:

  • Դիսպանսերային ծառայություններ ստացող հիվանդների 29%-ը կանայք են, 2%-ը` երեխաներ և դեռահասներ:
Հայաստանի Հանրապետությունում գործում են ցերեկային խնամքի ծառայություններ մատուցող հոգեկան առողջության ընդամենը 3 կենտրոն, որոնք նախատեսված են միայն մեծահասակների համար: Երեխաների և դեռահասների ցերեկային խնամքի կենտրոններ չկան:

ՀՀ առողջապահության նախարարության գործող հոգեբուժական հաստատություններն են՝
1
2
3
ՀՀ ԱՆ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ
Տնօրեն` Գագիկ Հրանտի Կարապետյան

Հասցե` ք. Սևան, Գեղամավանի ճանապարհին

(+374 261) 2-34-00, sevanihh@mail.ru
ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ
Տնօրենի ժ/պ` Գագիկ Մուշեղի Միրիջանյան

Հասցե` ք. Երևան, Նուբարաշեն, 1/3

(+374 10) 47-53-22, hapakhk@gmail.com
ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ
Տնօրեն` Արեգա Ռոբերտի Հակոբյան

Հասցե` Աճառյան I նրբ., թիվ 21

(+374 60) 28 01 00, (+374 60) 28 01 08,

mpcavanclinic@mail.ru, www.ahak-center.com
Մյուս հոգեբուժական հաստատությունները գործում են մարզպետարանների ենթակայության ներքո:

Հոգեբուժական բաժին է գործում նաև Վարդենիսի տարեցների տանը:
«Սահմանային» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քաղաքացիները հոգեբանա-հոգեբուժական օգնություն են ստանում

«Սթրես» հոգեկան առողջության կենտրոնում, որը գործում է «ԱՐՏՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոնի կազմում

Քասախի նևրոզների կլինիկայում, որը գործում է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կազմում /գ. Քասախ/:

Հոգեբուժական բժշկական օգնություն տրամադրող կազմակերպություն է գործում նաև ք. Գյումրիում:

«Հոգեբուժական օգնության մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանվում են պետության կողմից հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրվող հիմնական երաշխիքները: Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբուժական օգնությունն իրականացվում է պետության միջոցների հաշվին` պետության երաշխավորած նպատակային ծրագրերի շրջանակներում, մարդասիրության ու մարդու իրավունքների պաշտպանության հիմունքներով:


Պետությունը երաշխավորում է․

  1. անհետաձգելի հոգեբուժական օգնությունը;
  2. հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում խորհրդատվական;
  3. ախտորոշման, բուժման ու սոցիալական վերականգնման հետ կապված օգնությունը;
  4. իրավական հարցերով օժանդակությունը;
  5. աղետների և վթարների ժամանակ հոգեբուժական օգնության կազմակերպումը:


«Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքով սահմանվում են հոգեբուժական մի շարք ծառայությունների ձևեր՝ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, դիսպանսերային ծառայություններ, հոգեբուժական կազմակերպություն, ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք, հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունք:

Կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350-Ն որոշմամբ սահմանված են արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական օգնության շրջանակները, ծավալները, հոգեկան խնդիրներ ունեցող անձանց դիսպանսերային հսկողության կարգը, հիվանդների ընդունելության, դուրս գրման, ուրիշ հաստատություններ տեղափոխման և այլ հարաբերությունները:

Հոգեբուժական հաստատություններ անձինք դիմում են կամավոր, իսկ քրեական դատավարությամբ սահմանված դեպքերում՝ հարկադիր բուժման շրջանակներում, ոչ կամավոր հիմունքներով: Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության 35-րդ գլխի` հոգեբուժական կազմակերպությունը նույնպես կարող է դիմել դատարան՝ անձին հարկադիր (ոչ հոժարակամ) բուժման ենթարկելու համար։

Օրենքը կարող է նախատեսել ազատությունից զրկում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանցից բխող հասարակական վտանգը կանխելու նպատակով:

ՀՀ օրենսդրությունը տարանջատում է հոգեկան խանգարումներով տառապող անձանց հարկադիր բուժման ենթարկելու հետևյալ տեսակները` բուժման կարիք ունեցող (հանրության կամ իր համար վտանգ ներկայացնող անձ), սակայն բուժվել չցանկացող կամ բուժվելու անհրաժեշտությունը չգիտակցող անձանց հարկադիր (ոչ կամավոր) բուժումը և հանցագործության կատարման մեջ մեղադրված անձի նկատմամբ դատական ակտով բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառումը:

Եթե հոգեբուժական հաստատությունից ստացված տեղեկությունների համաձայն անձի հոգեկան վիճակը թույլ չի տալիս նրան մասնակցել դատական նիստին, դատավորը դիմումը պետք է քննի հոգեբուժական հաստատությունում: Դիմումը բավարարելու վերաբերյալ վճիռը հիմք է քաղաքացուն հոգեբուժական հաստատությունում հարկադիր բուժման ենթարկելու համար:
«Նորք» հոգեբուժական կենտրոն
Հեղինակ՝ Փիրուզա Խալափյան
Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառվում են միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարած անձանց նկատմամբ և, ըստ կիրառման ընթացակարգի, բաժանվում երկու խումբ դեպքերի`

  1. երբ անձը հանցանք կատարելու ընթացքում կամ կատարելուց հետո ունեցել է հոգեկան խանգարում,
  2. երբ հոգեկան խանգարումը ի հայտ է եկել պատժի կրման ընթացքում:

Համաձայն ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 123-րդ հոդվածի, որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված, ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից կամ թունամոլությունից, նաև մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարումներից բուժման կարիք ունեցող անձանց նկատմամբ հոգեբույժի նշանակած արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը կիրառվում են ազատազրկումը կրելու հիմնարկներում, իսկ այլ պատժատեսակների դատապարտվածների նկատմամբ՝ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն ցուցաբերող առողջապահական հաստատություններում:

2006 թ.-ի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան և արձանագրությունը: Կոնվենցիան ապահովում և սատարում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ հիմնարար ազատությունների լիակատար եւ հավասար պաշտպանությունը:

Կոնվենցիան վերաբերում է «երկարաժամկետ ֆիզիկական, հոգեկան, մտավոր կամ զգայական խանգարումներով» մարդկանց և նպատակ ունի «ապահովել մարդու հիմնարար իրավունքների լիարժեք և հավասար իրականացումը հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց համար և նպաստել նրանց մարդկային արժանապատվության հարգմանը»: Կոնվենցիայում նշվում է, որ հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք իրավունք ունեն ապրել համայնքում` որպես հավասար քաղաքացիներ:
Հատուկ խնամքի հաստատություններ
Թեպետ հատուկ խնամքի հաստատությունները փակ հաստատություններ չեն, այդուհանդերձ հատուկ դպրոցներում, մանկատներում ու ծերանոցներում լրագրողի աշխատանքը ևս կարևոր է, քանի որ այդ հաստատությունների շահառուները դարձյալ մեր հասարակության խոցելի խմբերից են՝ երեխաներ, ծերեր ու հատուկ կարիքներ ունեցող անձինք:

Այս հաստատություններ մուտք գործելու համար հատուկ թույլտվություն պետք չէ, պարզապես պետք է տեղեկացնել Կրթության ու գիտության նախարարությանը կամ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ հաշվի առնելով տվյալ հիմնարկի վարչական ենթակայությունը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործում է երեխաների խնամքի և պաշտպանության 6 մանկատուն, 6 գիշերօթիկ հաստատություն, 4 խնամքի կենտրոն:

Առհասարակ, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների ենթակայության տակ գործում է 23 հատուկ հանրակրթական դպրոց:
Նորքի տուն-ինտերնատ
Հեղինակ՝ Նազիկ Արմենակյան

Ծերերի խնամքի կենտրոններն են․

  • «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն
  • Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ
  • Նորքի տուն-ինտերնատ
  • «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն
  • «Արծվաբույն» տարեցների կենտրոն

Լրագրողներն այս հաստատություններ կարող են մուտք ունենալ ցանկացած ժամանակ, հատուկ թույլտվության կարիք չկա, քանի որ դրանք ռեժիմային գոտի չունեն:

Լրագրողներին այս հաստատություններում առավել շատ կարող են հետաքրքրել մարդու իրավունքների խախտման դեպքերը, պետական գնումների գործընթացը՝ կոռուպցիոն ռիսկերի վերհանման մասով, շահառուների պահման պայմանները, նրանց տրամադրվող սնունդը, բուժսպասարկման որակը, վատ վերաբերմունքի դրսևորումները, հոգեբուժարաններում ու հատուկ հանրակրթական դպրոցներում առողջ քաղաքացիների առկայությունը և այլն:

Օրինակ՝ հատուկ հաստատությունում պետք է առկա լինի խնամքի հատուկ պայմանների կարիքը հավաստող վկայագիր, ինչը պարտադիր է հատուկ հաստատությունում խնամվելու համար: Երբեմն լինում են նման դեպքեր, երբ ստուգող մարմինները հայտնաբերում են այս վկայագրերի բացակայություն, ինչը խախտում է:

«ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի թիվ 1324-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում` աշխատողների օգնությամբ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցով դպրոցների համար սահմանվում են սանիտարահիգիենիկ պահանջներ։ Հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված սանհանգույցների չափորոշիչները ներառում են թեքահարթակ, լայն դուռ, ներսում բավականաչափ տարածք անվասայլակով տեղաշարժման համար, հարմարեցված զուգարանակոնք և բռնակներ:
2.Իրավական կարգավորումներ, միջազգային չափորոշիչներ
Ենթաօրենսդրական ակտեր

Վարչապետի որոշումներ

ՔԿՀ-ների ներքին կանոնակարգեր
Նախագահի հրամանագրեր
Քաղաքապետի որոշումներ
Ավագանու որոշումներ և այլն
Լրագրողը պետք է տիրապետի իրավական ակտերի հիերարխիկ կանոններին: Այսինքն, պետք է իմանա, որ, Սահմանադրության համաձայն, մեր պետության կողմից վավերացված միջազգային նորմերը մեր օրենսդրության մի մասն են կազմում: Ավելին, Իրավական ակտերի մասին օրենքով, դրանք ունեն գերակա իրավական ուժ ներպետական իրավական փաստաթղթերի նկատմամբ:

Օրենսդրության բուրգի գագաթին նախ՝
Սահմանադրությունը
Միջազգային վավերացված փաստաթղթերը
Սահմանադրական օրենքները
Օրենսգրքերը և օրենքներ
ենթաօրենսդրական ակտերը՝ կառավարության, վարչապետի, նախագահի, որոշումներ և այլն։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածը խոսքի ազատության մասին է: Ըստ այդմ, յուրաքանչյուր ոք համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք ունի. այս իրավունքը ներառում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու, տեղեկատվություն ու գաղափարներ որոնելու, ստանալու և լրատվության ցանկացած միջոցներով տարածելու ազատությունը` անկախ պետական սահմաններից:

Մենք՝ լրագրողներս, ամենաակտիվն ենք օգտվում խոսքի ազատության, կարծիքի արտահայտման իրավունքից, որը սահմանված է ինչպես միջազգային իրավական փաստաթղթերում՝ Կոնվենցիաներում, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ՝ ներպետական օրենսդրությունում:

Մայր օրենքի՝ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև, առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից, տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասում ամրագրված է, որ մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Իսկ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Հետևաբար, լրագրողները պետք է առավելապես զգույշ լինեն, որպեսզի լուսաբանումները զերծ լինեն այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների խախտման տարրերից:
Նուբարաշեն ՔԿՀ
Հեղինակ՝ Վաղինակ Ղազարյան
Օրենսդրական, դատական տեղեկատվական կայքերի ուսումնասիրությունը պետք է լինի լրագրողի աշխատանքի մի մասը: Լրագրողը նախ պետք է իմանա իր իրավունքները լուսաբանում կատարելիս, այնուհետև` նաև նրանց, ում ներկայացնում է լուսաբանումներում: Այսինքն, միջազգային իրավական նորմերը, տեղական օրենսդրությունը պարտադիր ընթերցանության նյութ են մեզ՝ լրագրողներիս համար:

ՀՀ Սահմանադրությունը, ՄԻ եվրոպական կոնվենցիան, Երեխաների իրավունքների պաշտպանության մասին Կոնվենցիաները, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը պետք է լինեն հրապարակումների ակունքը:

Պետք է նաև իմանալ, որ դրանք իրավաբանական ավելի բարձր ուժ ունեն, քան օրենսգրքերն ու օրենքները: Կարևոր է տիրապետել նաև օրենսգրքերին՝ քրեական, քրեական դատավարության, քրեակատարողական, ապա և ՝ իրավական ակտերի, տեղեկատվության ազատության, ոստիկանության, հոգեկան առողջության մասին և լուսաբանման առանցքը հանդիսացող այլ օրենքների:

Լրագրողը պետք է գիտելիքներ ունենա խոշտանգումների բացարձակ արգելքի, խտրականության արգելքի, անմեղության կանխավարկածի՝ որպես բացարձակ իրավունքի, երեխաների իրավունքների մասին:

Ինչպես նաև, լրագրողն ամեն անգամ մարդու այս կամ այն իրավունքի խախտման մասին հրապարակում պատրաստելիս իրավական հարթակներում, օրինակ՝ arlis.am կայքի միջոցով, պետք է ծանոթանա թե միջազգային կարգավորումներին, թե ներպետական վերաբերելի օրենսդրությանը:

Օրինակ, դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման մասին գրելիս պետք է ծանոթանալ այդ ինստիտուտի, նաև` պատժի հետագա կրումից անձին ազատելու նորմերին: Դատապարտյալի հիվանդության պարագայում անպայման պետք է ստուգել՝ արդյոք անձի հիվանդությունը պատժի հետագա կրման հետ համատեղելի է, թե՝ ոչ:

Այսինքն, դրա համար պետք է ծանոթանալ պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը կարգավորող իրավանորմերին ու իրավակարգավորումներին: Համատեղելիության հարցը որոշվում է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա: Անգամ դրական եզրակացության դեպքում վերջնական որոշում կայացնում է դատարանը:

Օրենսդրությունը ժամանակ առ ժամանակ փոխվում է, ուստի նպատակահարմար է ամեն հրապարակումից առաջ ծանոթանալ փոփոխություններին:
2.1 Իրավաբանները ԶԼՄ-ներում
Փակ պետական հաստատությունների լուսաբանումն, անշուշտ, պահանջում է աև իրավական գիտելիք: Դա է պատճառը, որ խրախուսվում է գիտելիքի խորացումը նաև իրավագիտության ոլորտում, կապը իրավապաշտպանների ու իրավաբանների հետ: Լրագրողը կարող է ստանալ նաև իրավական աջակցություն:

Արևմտյան մամուլում մեծ տեղ է հատկացվում իրավաբանների աշխատանքին: Անգլիական "The Guardian" թերթում, օրինակ, 7 իրավաբան է աշխատում, և լրագրողները իրավական թեմաներ շոշափող հետաքննական նյութերը պետք է քննարկեն իրավաբանների հետ նախքան հրապարակելը: Սա, կարծում եմ, շատ կարևոր է, որպեսզի հրապարակումները խոցելի չլինեն, լրագրողը չխախտի մարդու իրավունքները, օրինակ՝ անմեղության կանխավարկածը:

Բնականաբար, իրավունքը բազմոլորտ է, գոյություն ունի իրավունքի 32 ճյուղ: Որևէ մեկը չի կարող լինել ունիվերսալ մասնագետ ու միանգամից տիրապետել բոլոր ճյուղերին, բայց իրավական գիտելիքով զինված լինելը բազմաթիվ խնդիրներից կազատի այդ թեմաներով լուսաբանող լրագրողին:

Իրավական գրագիտությամբ աչքի ընկնող հրապարակմամբ բարձրացված հարցը խոցելի չի կարող լինել, այն սպառիչ է՝ հասցված փորձագիտական մակարդակի: Ժամանակն է, որ ԶԼՄ-ներն ունենան իրավաբանների հաստիքներ, որոնք իրավական առումով ևս գրագետ կդարձնեն հրապարակումները:

Խրախուսելի է, երբ իրավական այս կամ այն թեման լուսաբանող լրագրողն ինքն է ստանում իրավաբանական կրթություն՝ բակալավրիատի կամ մագիստրոսական ծրագրով:

Նշենք, որ նման միտում նկատվում է. իրավաբանի կրթություն ստացող լրագրողների թիվն այսօր ավելացել է: Խրախուսելի է նաև այն, որ իրավական թեմաներ լուսաբանող լրագրողները պարբերաբար մասնակցում են համապատասխան թեմաներով դասընթացների, սեմինարների, լսում իրավաբանների, իրավապաշտպանների, մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած փորձագետների կարծիքները, կարդում են ուղեցույցներ ու օրենսդրություն:

Փակ հաստատությունների լուսաբանման ժամանակ լրագրողը կարող է օրենսդրական և դատական բազաներում՝ concourt.am, arlis.am, datalex.am, parliament.am, irtek.am, gov.am, ինչպես նաև համապատասխան գերատեսչությունների և պետական մարմինների պաշտոնական կայքէջերում փնտրել հայցվող տեղեկատվությունը, ծանոթանալ իրավական կարգավորումներին կամ կոնկրետ քրեական գործի մանրամասներին:

Օրենսդրության ընթերցումը պետք է լինի իրավական թեմաներով զբաղվող լրագրողի աշխատանքի մի մասը, քանի որ միայն գրագետ լրագրողական հարցադրումներով կարելի է ակնկալել արձագանք` ընդհուպ մինչև մարդու խախտված իրավունքի վերականգնում:

2.2 Բանտային նվազագույն կանոններ
Քրեակատարողական համակարգի խնդիրները լուսաբանող լրագրողը պետք է պատկերացում ունենա այն իրավական կարգավորումների մասին, որոնք ընդունվել ու գործում են՝ տվյալ ոլորտի միջազգային պայմանագրերը, Կոնվենցիաները, ներպետական օրենսդրությունը:

Լրագրողին պիտի հասանելի լինեն Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ R(2006) 2 հանձնարարականը «Եվրոպական բանտային կանոնների մասին», «Որևէ ձևով ձերբակալվող կամ կալանավորվող անձանց պաշտպանության սկզբունքների ժողովածուն», Կալանավորված անձանց նկատմամբ վերաբերմունքի ՄԱԿ-ի նվազագույն չափանիշները (Նելսոն Մանդելայի կանոնները), Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշները, որոնք նա կարող է գտնել http://www.arlis.am/ կայքում:

Ձերբակալվող կամ կալանավորվող անձանց պաշտպանության սկզբունքներից են՝ ձերբակալված կամ կալանավորված բոլոր անձինք մարդասիրական վերաբերմունքի և մարդ անհատին բնորոշ արժանապատվության հարգման իրավունք ունեն: Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող ոչ մի անձ չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վարվեցողության կամ պատժի այլ ձևերի: Ոչ մի հանգամանք չի կարող արդարացում հանդիսանալ նման պարագայում:

Պետությունները պետք է օրենսդրական կարգով արգելեն այդ Սկզբունքների բովանդակած իրավունքներին ու պարտականություններին հակասող ամեն տեսակ գործողությունները, համապատասխան պատժամիջոցների ենթարկեն նման գործողությունների համար և գանգատների անաչառ հետաքննություն անցկացնեն: Պաշտոնատար անձինք, որոնք հիմքեր ունեն համարելու, որ տեղի է ունեցել կամ կարող է սույն Սկզբունքների խախտում տեղի ունենալ, պետք է այդ մասին հաղորդեն վերադաս իշխանություններին և, երբ դա անհրաժեշտ է, ուրիշ համապատասխան իշխանությունների կամ մարմինների, որոնց վրա դրության հսկողության կամ շտկման լիազորություններ են դրված:

Ըստ այդմ, ցանկացած այլ անձ, որը հիմք ունի համարելու, որ տեղի է ունեցել կամ կարող է տեղի ունենալ սույն Սկզբունքների ժողովածուի խախտում, իրավունք ունի այդ մասին հաղորդելու մեղսակից պաշտոնատար անձանց վերադաս ատյաններին, ինչպես նաև` համապատասխան այլ իշխանությունների կամ մարմինների, որոնց վրա դրության հսկողության կամ շտկման լիազորություններ են դրված:

Այս պարագայում լրագրողները «պետական մարմին-հասարակություն» կապի այն միջին օղակն են, որն ունի եզակի մանդատ` բարձրաձայնելու իրավունքի խախտումների մասին: Միայն տեղեկացված լրագրողը կարող է տեղեկացնել հասարակությանը այս կամ այն խախտման ու չարաշահման մասին:

Ուստի, կարևոր է կանոնների իմացությունը, որպեսզի լրագրողը գտնի նաև կանոնի չարաշահումն ու խախտումը: Այլապես, չի կարող մատնանշել խախտումը, հետևապես՝ բարձրացնել խախտման փաստը ու նպաստել իրավունքի խախտման վերականգնմանը:
Աբովյան ՔԿՀ
Հեղինակ՝ Նելլի Շիշմանյան
«Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները» մշակվել են դեռևս 1955 թ-ին ՄԱԿ-ի կողմից: Լրագրողները ևս պետք է տիրապետեն այս նվազագույն կանոններին բանտարկյալների խնդիրները լուսաբանելու համար:

Ըստ այդ կանոնների, խտրական վերաբերմունքն արգելվում է. ըստ ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնական, քաղաքական և այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային դրության, ընտանեկան ծագման կամ սոցիալական դրության խտրականությունն անթույլատրելի է: «Պետք է հարգել բնակչության այս կամ այն խմբին պատկանող բանտարկյալների կրոնական համոզմունքներն ու բարոյական նախադրույթները», - ասված է կանոնների մեջ:

Ըստ նույն կանոնների 24-րդ հոդվածի, ազատությունից զրկված անձանց առողջապահության ապահովումը պետության պարտականությունն է։ Ավելին, ըստ այդ կանոնների, ՔԿՀ-ում տրամադրվող առողջապահական ծառայությունների որակը պետք է համապատասխանի ազատության պայմաններում գործող չափանիշներին, այսինքն, բանտում գտնվող անձին պետք է հասանելի լինի քաղաքացիական բուժհաստատություններում տրամադրվող ծառայություններից ոչ պակաս որակի ծառայություն:

Բանտարկյալների տարբեր կատեգորիաները պահվում են առանձին հիմնարկներում կամ միևնույն հիմնարկի առանձին մասերում` հաշվի առնելով նրանց սեռը, տարիքը, նախնական դատվածությունը, բանտարկության իրական պատճառները և նրանց հետ նախատեսված վարվեցողությունը:

ՀՀ-ում քրեակատարողական և այլ փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակի մասին ուշագրավ տեղեկություններ են պարունակում Եվրոպայի Խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ, CPT) զեկույցներում: Հայաստանի վերաբերյալ զեկույցներին կարելի է ծանոթանալ հղման միջոցով: Ի դեպ, 2019թ. ԽԿԿ-ն նախատեսում է հերթական այցելությունը կատարել Հայաստան:

Պետք է նկատի ունենալ, որ ԵԽ ԽԿԿ-ի` այլ պետությունների վերաբերյալ զեկույցներում արձանագրված մոտեցումները նույնպես պետք է հաշվի առնել` ելնելով ՀՀ-ում խոշտանգումների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ուղղությամբ պետության պարտավորությունների կատարումը գնահատելու տեսանկյունից:

Տեղեկատվության կարևոր աղբյուր կարող են հանդիսանալ նաև Հայաստանի վերաբերյալ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի զեկույցները: ՀՀ-ի կողմից ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեին վերջին զեկույցը քննարկվել է 2016թ. նոյեմբերին, որի վերաբերյալ փաստաթղթերը ներկայացված են այստեղ:

Հաշվի առնելով, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում հատկապես վերջին տարիներին տարբեր պատճառներով հայտնվում են նաև օտարերկրյա քաղաքացիներ, հարկ է հատուկ ուշադրություն դարձնել քրեակատարողական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքին պայմանավորված հատկապես նրանց կրոնական պատկանելիությամբ և հատուկ կարիքների տեսակետից՝ սնունդ, ծեսեր և այլն:
2.3 Երեխաների իրավունքների պաշտպանություն
ՄԱԿ-ի՝ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան, որը ընդունվել է դեռևս 1989 թ. նոյեմբերի 20-ին, առաջին և հիմնական միջազգային-իրավական փաստաթուղթն է, որը նվիրված է երեխայի իրավունքների լայն շրջանակի։ Հայաստանի Հանրապետությունն այն վավերացրել է 1993-ին:

Ըստ փաստաթղթի, մինչև 18 տարեկան անձինք համարվում են երեխա: 18 տարին լրանալու դեպքում անձն այլևս երեխա չի համարվում, ավելին, դուրս է գալիս ծնողական խնամքից: Գործունակությունը լրիվ ծավալով ծագում է չափահաս՝ 18 տարեկան դառնալուց հետո, սակայն քրեական պատասխանատվության տարիքը Հայաստանում 14-ն է: 14 տարեկան անձը քրեական արդարադատության տիրույթում հանդես է գալիս իր օրինական ներկայացուցչի հետ: Օրինական ներկայացուցիչ է երեխայի ծնողը, խնամակալը, հոգաբարձուն կամ որդեգրողը:

Կան պետություններ, որտեղ 18-21 տարեկանը համարվում է անցումային տարիք, այս խումբը կոչվում է երիտասարդ չափահասների խումբ: Նրանց նկատմամբ եվրոպական մի շարք երկրներում՝ Ավստրիա, Ֆինլանդիա, գործում են անչափահասներին բնորոշ իրավանորմեր: Հիմնավորումն այն է, որ մարդը, 18 տարեկան դառնալով, մեկ օրում չի ձևավորվում որպես չափահաս` հոգեպես ու մտավոր ունակություններով, ուստի անհրաժեշտ է անցումային ժամանակ:

Հայաստանում ևս «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող անչափահասները իրավունք ունեն, դրական վարքագիծ դրսևորելու դեպքում, սեփական դիմումի համաձայն 18 տարին լրանալուց հետո մինչև 21 տարեկանը մնալ նույն ՔԿՀ-ում՝ չտեղափոխվելով «մեծահասակների» ՔԿՀ-ներ: Այս օրենսդրական փոփոխությունը կատարվել է 2012 թ-ին:

«Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր երեխա ունի Կոնվենցիայով երաշխավորված բոլոր իրավունքներն առանց որևէ խտրականության: Կոնվենցիայի 12-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ իր հայացքները ձևակերպելու ընդունակ երեխայի համար պետություններն ապահովում են դրանք ազատորեն արտահայտելու իրավունք այն բոլոր դեպքերում, որոնք վերաբերում են երեխային: Կոնվենցիայի 28-րդ հոդվածի համաձայն, երեխան պետք է հավասար հնարավորությունների հիման վրա իրացնի իր կրթության իրավունքը:
Գավառի մանկատուն
Հեղինակ՝ Նելլի Շիշմանյան
Կոնվենցիան վավերացրած պետություններից պահանջվում է մշակել և իրականացնել անչափահասների արդարադատության համապարփակ քաղաքականություն: Պատճառն այն է, որ հիմնականում երեխաները խոցելի են դառնում, երբ կանգնում են քրեական պատասխանատվության առաջ: Լրագրողներն առավել ուշադիր պետք է լինեն հենց օրենքի ու օրինականության խնդիրներին բախված երեխաների իրավունքները լուսաբանելիս՝ աշխատելով չստեղծել բացասական կարծիք ու կարծրատիպեր:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) մշակել է երեխաների հիմնախնդիրների լուսաբանման էթիկական սկզբունքներ:

ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի համաձայն՝ երեխան ունի ազատ արտահայտվելու և լսված լինելու սահմանադրական իրավունք: Երեխայի՝ սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը երաշխավորվում է նաև Կոնվենցիայի համանուն՝ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով:

Սակայն հնարավոր է` երեխան չկարողանա կանխատեսել լուսաբանման, արտահայտվելու իրավունքից օգտվելու հետևանքները: Հրապարակված ամեն տվյալ կարող է հավերժ մնալ համացանցում, և հնարավոր է` հետագայում, երբ երեխան արդեն չափահաս դառնա, չցանկանա իր կյանքի վաղ շրջանի կոնֆլիկտային կողմերին անդրադառնալ: Ցանկացած քաղաքացի, իսկ երեխան` առավելապես, ունի մոռացված լինելու իրավունք:
3. Մարդու իրավունքների խնդիրները փակ հաստատություններում


Գաղտնիք չէ, որ մարդու իրավունքները առավելապես խոցելի են փակ հաստատություններում, քանի որ այդ պետական կառույցներում մարդու ազատությունն արդեն իսկ սահմանափակված է: Բացի այդ, հանրային վերահսկողությունը նույնպես սահմանափակ է այդ հիմնարկներում: Լրագրողները մուտք ունեն փակ հաստատություններ միայն վարչակազմի թույլտվության և այնտեղ գտնվող քաղաքացու համաձայնության պարագայում:

Փակ հաստատություններում հիմնակներից լրագրողները հաճախ կարող են ստանալ հետևյալ իրավունքների խախտման մասին ահազանգեր.

  • Ազատության անձեռնմխելիության իրավունքի խախտման
  • Արդար դատաքննության իրավունքի խախտման
  • Խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքի խախտման
  • Արժանապատվության հարգման իրավունքի խախտման
  • Առողջության պահպանման իրավունքի խախտման
  • Կրթության իրավունքի խախտման
  • Ընտանեկան ու անձնական կյանքի իրավունքի խախտման
  • Այլ...
Ստորև տրվում է հակիրճ անդրադարձ առավել հաճախ հանդիպող ահազանգերին
3.1 Արդար դատաքննության իրավունք
Արդար դատաքննության իրավունքը հիմնական իրավունք է, այն բացարձակ է, այսինքն, որևէ կերպ չի կարող սահմանափակվել: Պաշտպանվում է միջազգային Կոնվենցիաներով, մասնավորապես՝ ՄԻԵԿ 6-րդ հոդվածը սահմանում է մարդու արդար դատաքննության իրավունքը:

Հայաստանյան բանտերում քաղաքացիներն առավել հաճախ բողոքում են ոչ այնքան բանտային պայմաններից, որքան իրենց քրեական գործերից՝ նշելով անարդարությունների մասին:

Լրագրողները կարող են հանրային կարծիք ձևավորել սխալ, չստուգված, կեղծ ինֆորմացիայի միջոցով, այնպես էլ իրենց բացահայտումներով, հետաքննություններով, ճշգրիտ ինֆորմացիայի, փաստերի մատուցմամբ կարող են նպաստել, որպեսզի վերականգնվի մարդու խախտված իրավունքը, ընդհուպ` ազատազրկումից փրկվի սխալ բանտվածը:

Այդպիսի օրինակները շատ են: ԱՄՆ քաղաքացի Սթիվ Տիտուսը 1980-ականներին դատապարտվել էր բռնաբարության մեղադրանքով: Տիտուսին դատապարտելու ուղղակի ապացույցը տուժողի ցուցմունքն է եղել, որը, ի դեմս նրա, ճանաչել է իրեն բռնաբարողին: Հիշողության սխալներն ուսումնասիրող գիտնական Էլիզաբեթ Լոֆտուսը հետաքննել է այս գործը և հայտնաբերել, որ նախապես կեղծ հիշողություն է «ներդրվել» մարդկանց մեջ այն ժամանակ, երբ ոստիկանությունն արդեն ձերբակալել էր Տիտուսին ու նրա լուսանկարը ցուցադրել հեռուստատեսությամբ:

Ուշագրավ է, որ Տիտուսի գործով իրական մեղավորին կարճ ժամանակ անց հայտնաբերել է «Seattle Times» թերթի լրագրող Փոլ Հենդերսոնը: Նա 1982-ին ստացել է Պուլիցերյան մրցանակ անմեղ մարդուն բանտարկությունից ազատելու համար:

Անգլիացի Մայքլ Օ`Բրայենի քրեական գործի վերաբացման գործում մեծ է եղել լրագրող Գրեգ Լյուիսի հետաքննական աշխատանքը: 1999 թ.` Օ`Բրայենի ցմահ դատապարտումից 11 տարի անց, նա գտել է ոստիկանության լրատու 5 վկաներին ու պարզել, թե ինչպես են այն ժամանակ նրանց ստիպել ցուցմունք տալ Օ`Բրայենի ու ևս երկու քաղաքացու դեմ` փոխարենը նրանց ազատելով գողության կասկածանքից: Լրագրող Գրեգ Լյուիսի լրագրողական աշխատանքի արդյունքում գործը վերաբացվել է, և Օ`Բրայենն ու ևս երկու դատապարտյալ արդարացվել են:

Գալով հայաստանյան իրականություն՝ ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի քրեական գործը հանրությանը հասանելի դարձավ «Պատերազմից վերադարձած հետախույզը. 20 տարի բանտում» հետաքննությունից հետո: «Հետք» ինտերնետային թերթի հետաքննությունը մեծ ռեզոնանս առաջացրեց, մանավանդ՝ «Հետք»-ը կարողացել էր ձեռքբերել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալի հետ հարցազրույցի անցկացման թույլատրություն:

Այսինքն, փակ համակարգի` տարիների վաղեմություն ունեցող գործերի վերաբացման, արդարության վերականգնման դժվարին գործում մեծ ներդրում ունեն նաև լրագրողները, հատկապես՝ հետաքննողները: Հաճախ հենց նրանց աշխատանքների հիման վրա են նոր վարույթներ սկսվում:

Ամերիկացի հետաքննող լրագրող Ռյուվեն Ֆենթոնը երկար ժամանակ ուսումնասիրել է դատական ճակատագրական սխալների զոհերի գործերը: Նա հեղինակել է «Գողացված տարիներ» գիրքը, որտեղ ներկայացրել է տասը անմեղ ճանաչվածների պատմություն: «Նրանք վերապրել են դժոխքը, որ պատմեն իրենց պատմությունները»,- գրում է Ֆենթոնը "New York Post" պարբերականում: «Այն մարդիկ, որոնք ներկայացված են իմ գրքում, ընդամենը մի փոքր մասն են անմեղ դատապարտվածների, որոնք դուրս են եկել բանտերից»,- գրում է լրագրողն իր հոդվածում` նշելով, որ տարեցտարի ավելանում է ազատության վերադարձող անմեղ մարդկանց թիվը:

Լրագրող Քերոլին Ռաֆլին բացահայտել է Թեմբեկիլ Մոլոդզիի գործը` մարդու, որ 11 տարի բանտում պատիժ է կրել չկատարած սպանության համար: 11 տարվա գործի վերաբացման մեջ իր ներդրումն է ունեցել նաև լրագրողի հետաքննությունը:

3.2 ՔԿՀ-ներում պահման պայմաններ, սնունդ, բուժօգնություն
Բանտային պահման պայմաններ, սննդի ու բուժծառայության որակ. ահա այն հիմնական խնդիրները, որոնք արձանագրել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական դիտորդների խումբը 2016թ.-ի ընթացքում:

Ընդհանուր վիճակագրություն: Հայաստանի 2 մլն 998 հազար բնակչության պարագայում 2015-ին կալանավորների ու դատապարտյալների թիվը եղել է 3907 անձ: Ասել է, թե՝ 100.000 բնակչին բաժին էր ընկնում 130 ազատազրկված, ինչը եվրոպական միջինից բարձր ցուցանիշ էր: Սակայն թավշյա հեղափոխությունից հետո` 2018 թ. համաներման և պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմի ակտիվության շնորհիվ, Հայաստանում բանտային գերբնակեցման հարցը լուծված է: 2018-ի նոյեմբեր ամսվա դրությամբ հայաստանյան բանտերում չկա գերբնակեցում:

2014-ին հայաստանյան կալանավայրերում եղել է 3923 անձ, 2015-ին՝ 3880, իսկ 2016թ-ին՝ 3898 քաղաքացի: 2005-2015 թվականների հաշվարկով` Հայաստանի բանտային բնակչության ամենացածր թիվը գրանցվել է 2005-ին` 2822, իսկ ամենաբարձրը 2006-ին՝ 5600 քաղաքացի:

2016թ. հունվարի 1-ի դրությամբ գերբնակեցված են եղել «Նուբարաշեն» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկները, իսկ 2017 թ. հունվարի 1-ի դրությամբ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը:

Մեր բանտարկյալների մեծ մասը տղամարդիկ են:

Հայաստանում հիմնականում դատապարտվում են 5 և ավելի տարվա ժամկետով ազատազրկման՝ շուրջ 40 տոկոսը, իսկ մինչև 1 տարվա ազատազրկման՝ մեղադրյալների ընդամենը 2 տոկոսը:

Առավել հաճախ Հայաստանում դատապարտվում են՝ մեղադրվելով սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մեջ՝ գողություն, կողոպուտ, խարդախություն, հափշտակում, յուրացում և այլն:

Պայմաններ: ՔԿՀ-ներում, ըստ եվրոպական ստանդարտների, յուրաքանչյուր դատապարտյալի հասնում է 4 քմ տարածք, խցում պետք է լինի օդափոխության համակարգ, բավարար լուսավորություն, արտաքնոցը պետք է անջատված ու փակված լինի:

ՀՀ ՔԿՀ-ներում դիտորդական հասարակական խմբի անդամների դիտարկումները ցույց են տվել, որ գերազանց կամ բարվոք վիճակում են այն խցերը, որոնք վերանորոգել են դատապարտյալները՝ իրենց ընտանիքների միջոցներով, իսկ այն խցերը կամ կացարանները, որտեղ բնակվող դատապարտյալները չեն ունեցել համապատասխան ֆինանսական միջոցներ, որպես կանոն, գտնվել են ոչ բարվոք վիճակում:

Օրինակ՝ 2016 թ. դեկտեմբերին խմբի անդամներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այցի ընթացքում դիտարկվել են հիմնարկի ստորին հարկի խցերից մեկը և միջանցքը։ Խցի պայմանները գնահատվել են անմխիթար, իսկ ազատությունից զրկված անձանց նման պայմաններում պահելը` հավասարազոր անմարդկային վերաբերմունքի։

Անզեն աչքով առաստաղի, պատերի վրա, հացով լի տուփերում նկատվել են հարյուրավոր խավարասերներ։ «Հատկանշական է, որ այդ խցում պահվում էին քրեական ենթամշակույթի հիերարխիայի ամենացածր և, որպես հետևանք, ամենախոցելի խմբի ներկայացուցիչները (ԼԳԲՏ-ի և քրեական ենթամշակույթին չենթարկվող անձինք)»։

ՄԻՊ միջամտության արդյունքում մշտական բնակության համար «Նուբարաշենի» առաջին հարկը փակվել է: Միաժամանակ, ՄԻՊ-ը հետևողական աշխատանք է տանում 1-ին հարկի շահագործումն առհասարակ դադարեցնելու ուղղությամբ:

Աշխատակազմ: ՀՀ ՔԿՀ-ներում դիտորդական հասարակական խմբի 2016 թ. հաշվետվության մեջ ազատազրկվածների իրավունքներից բացի մտահոգիչ են 12 ՔԿՀ-ների հսկիչների աշխատանքային պայմանները: Դիտորդները նշում են՝ այդ պայմանները ծանր են. հսկիչները չունեն հանգստի սենյակ և փոխարինող այն դեպքում, երբ նրանք առանց հանգստի աշխատում են 24 ժամ: Հանգստի սենյակներ նախատեսված չեն նաև գիշերային հերթափոխով աշխատող բուժաշխատողների համար:

Սնունդ: Հիմնականում բոլոր այն կալանավորված և դատապարտված անձինք, որոնք հնարավորություն ունեն օգտվել հանձնուքների միջոցով ստացված սննդից և հիգիենայի պարագաներից, նախընտրում են այդ տարբերակը և քիչ են օգտվում ՔԿՀ սննդից: Նման մոտեցումը պայմանավորված է տրամադրվող սննդի ոչ բավարար որակով, միանման և ոչ գրավիչ ճաշացանկով, ինչպես նաև՝ ազատությունից զրկված անձանց շրջանում ընդունված վարքագծի չգրված կանոններով:

Իրենք՝ բանտարկյալները, բանտային կերակուրը սովորաբար անվանում են «բալանդ», որն առաջացել է ռուսերեն «баланда» բառից: Թարգմանաբար նշանակում է՝ անհամ, շատ ջրալի կերակուր: Բանտային կերակուրը բանտի «բնակիչների» կողմից այդպես է կոչվել դեռ խորհրդային տարիներին:

Դատապարտյալներն ու կալանավորները, իրավապաշտպաններն ու ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի անդամները վկայում են՝ քրեակատարողական հիմնարկների ճաշացանկը կրկնվող է: Տապակած կաղամբը, շոգեխաշած բանջարեղենն ու շիլաները գրեթե բոլոր ՔԿՀ-ներում ամենահաճախ հանդիպող կերակրատեսակներն են:

Սնունդը, մեկ բանտարկյալի պահման համար ծախսվող գումարները ևս ուղիղ կապ ունեն նրանց առողջության հետ: Հայաստանում մեկ ազատազրկվածին պահելու համար պետությունը 2015-ին օրական ծախսել է 11 եվրո (ներառված են նաև աշխատակազմի, շենք-շինությունների պահման ծախսերը):

Ադրբեջանում այդ գումարը կազմել է 12 եվրո: Դատապարտյալների պահման ամենաբարձր գումարները ծախսվում են Սան Մարինոյում՝ 707 եվրո, Շվեդիայում՝ 359 եվրո, Նորվեգիայում՝ 344 եվրո, Հոլանդիայում՝ 250 եվրո: Ի դեպ, Սան Մարինոյում 2015-ին եղել է ընդամենը 4 դատապարտյալ:

Մեկ ազատազրկվածին պետական բյուջեից հատկացված օրական 6240 դրամից 700 դրամն է հատկացվում սննդի համար: Մնացած ավելի քան 5000 դրամով ապահովվում է ՔԿ ոլորտի վարչակազմերի աշխատավարձային, բանտերի շենքերի պահպանության հարցը: Սննդի համար հատկացվող 700 դրամից շուրջ 8 անգամ ավելի են շենք-շինությունների ու վարչակազմերի պահման գումարները:

Այդ գումարներն, ի դեպ, տարեցտարի ավելացել են, փոխարենը անփոփոխ է մնացել կալանավորների ու դատապարտյալների սննդի համար նախատեսված ծախսը՝ օրական 700 դրամը: Եթե 2013-ին մեկ ազատազրկվածի օրական պահման համար հատկացվող գումարը հաշվարկվել է 5144 դրամ, 2014-ին այն ավելացել է՝ դառնալով 5840 դրամ, 2015-ին դարձել է 6179 դրամ, իսկ 2016-ին՝ 6240 դրամ: Այնինչ սննդի վրա ծախսվող գումարը 2013-ի 704 դրամից նվազել է՝ վերջին 3 տարիներին դառնալով 700 դրամ:

Կառավարության 2015թ. հոկտեմբերի 15-ի որոշմամբ, պետական բյուջեով սահմանված օրական շուրջ 700 դրամով կալանավորին ու դատապարտյալին պետք է օրական տրամադրվի հաց (650գ), ձավարեղեն (120գ), մակարոնեղեն (30գ), միս/մսամթերք (90 գ կամ 180գ՝ ոսկորով), կաթ/կաթի փոշի (100գ/14.3գ), ձուկ՝ առանց գլխի (100գ), կարտոֆիլ (550գ), այլ բանջարեղեն (250գ), պանիր (25գ), միրգ (200գ), կենդանական յուղ/մարգարին (45գ), 25գ բուսական յուղ, տոմատի մածուկ (5գ), թեյ/թեյաբույսեր (2գ), հյութեր (100գ), աղ (20գ), շաքարավազ (40գ) և դափնու տերև (0.1գ): Թեև Կառավարության որոշմամբ նախատեսվում է յուրաքանչյուր կալանավորված/ դատապարտված անձի տրամադրել, օրինակ, օրական 25 գ պանիր, սակայն ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի` 2014-2015թթ. այցելությունների ընթացքում (ստուգվել են խոհանոցը և պահեստը) ոչ մի հիմնարկում, բացի «Գորիս» և «Արմավիր» ՔԿՀ-ից, պանիր առկա չի եղել։

Փոխարենը ազատազրկվածների հարազատներն են հանձնուքների տեսքով փոխանցում նույն պանիրը, մսամթերքը, հացը, միրգը և այլն: Սա այն դեպքում, երբ ըստ պետական գնումների պայմանագրերի` 2013թ. գնվել է 6000 կգ, 2014թ.՝ 9000կգ, 2015թ.՝ 12.415 կգ և 2016թ.` 28.565 կգ պանիր:

Գնումները կատարվում են միջնորդավորված: Միջնորդավորված գնում հասկացությունը առհասարակ բնորոշ է պետական գնումների համակարգին: Պետությունը պայմանագիր է կնքում ոչ թե ուղիղ արտադրողի կամ ներմուծողի, այլ` մատակարար ընկերությունների հետ: Միջնորդավորված գնումների դեպքում պետական կարիքների համար արդեն ուռճացված գներով են ապրանք ձեռքբերում: Դա լրացուցիչ բեռ է պետական բյուջեի վրա:

Բանտային հացի, սննդի որակին, պետական գնումներին մանրամասն անդրադարձել է նաև «Հետքը»՝ «Բանտային սնունդ» հոդվածաշարում:

Բուժօգնություն: Ազատազրկման վայրերում բժշկական սպասարկման ոչ բավարար ծառայության մասին մշտապես ահազանգում են թե՛ բանտարկյալները, թե՛ նրանց հարազատները, թե՛ տեղական ու միջազգային կառույցները, թե՛ ՄԻ պաշտպաններն՝ իրենց զեկույցներով, ինչպես նաև ԵԽ-ն ու ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն:

ՄԻՊ զեկույցում կարդում ենք. «Որոշ ՔԿՀ-ներում ատամնաբուժական ծառայություններ չեն մատուցվում: Դատապարտյալներն իրենց հաշվին հրավիրում են իրենց նախընտրած բժշկին... «Գորիս», «Սևան», «Արմավիր» ՔԿՀ-ներում ապահովված չէ հոգեբուժական ծառայությունների հասանելիությունը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման ընթացքը որոշվում է հոգեբույժի հետ հեռախոսով խորհրդակցելով, որպիսի պրակտիկան անընդունելի է: Բժշկական հաստիքները հաճախ ոչ բավարար են, շուրջօրյա բժշկական օգնության հարցը ևս բաց է»:

Զեկույցում նշված է, որ ՔԿՀ-ներում բժշկական սարքավորումները և գործիքները խիստ սահմանափակ են, հնամաշ, անգամ բացակայում են առաջնային օգնության համար անհրաժեշտ սարքավորումներ ու գործիքներ: Բողոքներում նշվում է, որ ազատազրկման վայրերը ապահովված չեն անհրաժեշտ քանակությամբ դեղերով:

«Ինչ վերաբերում է տեխնիկական հագեցվածությանը, կատարված անմիջական դիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ Քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման բաժինները 2017 թվականի ընթացքում համալրվել են որոշակի նոր բժշկական սարքավորումներով և գործիքներով: Սակայն առկա են դեպքեր, երբ համապատասխան մասնագետներ չլինելու պատճառով նշված տեխնիկան չի շահագործվում» (Տե՛ս հետևյալ կայքէջում, էջ 20):

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անբավարար պայմանների հարցը բարձրացրել է նաև Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն Հայաստանի վերաբերյալ 2016-ի զեկույցում՝ անդրադառնալով առաջին հարկի խոնավությանը, անբավարար օդափոխությանը և լուսավորությանը, մշտական ջրամատակարարման բացակայությանը, մի շարք խցերում սանհանգույցներն ամբողջությամբ առանձնացված չլինելուն:

ՔԿ վարչությունից տրամադրած տեղեկատվության համաձայն, 2013-16թթ.-ին մեր քրեակատարողական հիմնարկներում ավելացել են աղեստամոքսային և սրտանոթային հիվանդություններ ունեցողները:

Ծանր հիվանդություններ ունեցող դատապարտյալները հիմնականում մահանում են ազատազրկման վայրերում, այնինչ հայաստանյան օրենքներով նրանք կարող են ազատվել պատժի հետագա կրումից: Դատապարտյալների լեզվով ասած`այդ գործընթացը կոչվում է «ակտիրովկա»: Սա բխում է քրեական իրավունքի մարդասիրական սկզբունքից: Բայց նույն դատապարտյալները լավ գիտեն, որ «ակտիրովկա» ասվածը գործնականում հազվադեպ երևույթ է:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խումբը, լրատվամիջոցները պարբերաբար ստանում են ահազանգեր ծանր հիվանդ դատապարտյալներից, նրանց հարազատներից կամ փաստաբաններից այն մասին, որ ազատման հասնելը իսկական գլխացավանք է:

Թե՛ քրեական, թե՛ քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված են, որ պատժի հետագա կրման հետ անհամատեղելի հիվանդություններով տառապող դատապարտյալները կարող են ազատվել պատժից: ՔՕ 79-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե անձը հանցանք կատարելուց կամ դատավճիռ կայացնելուց հետո հիվանդացել է ծանր հիվանդությամբ, որը խոչընդոտում է պատիժը կրելուն, ապա դատարանը կարող է նրան ազատել պատիժը կրելուց՝ հաշվի առնելով կատարված հանցանքի ծանրությունը, դատապարտյալի անձը, հիվանդության բնույթը և այլ հանգամանքներ:

Պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը, որտեղ ներառված են 41 անուն ծանր հիվանդություններ` իրենց բարդության տարբեր աստիճաններով, հաստատվել է դեռևս 9 տարի առաջ կառավարության 2006թ. մայիսի 26-ի 825-Ն որոշմամբ: Կա մեկ այլ որոշում, որը հաստատվել է դեռևս 2003թ.` վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից: Համար 1636-Ն որոշման համաձայն, սահմանվել է Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը:


Աբովյան ՔԿՀ
Հեղինակ՝ Նելլի Շիշմանյան

Ըստ այդմ, Կառավարության նշված որոշմամբ ստեղծվել է երեք հանձնաժողով, որոնց կազմում են քրեակատարողական, առողջապահական ու ոստիկանական համակարգի համապատասխան պաշտոնյաներ: Հենց այս հանձնաժողովներն են տալիս դրական կամ բացասական եզրակացություն: Սակայն ազատման-չազատման վերաբերյալ վերջին խոսքը դատարանինն է:

Առաջին օղակը` Բժշկական աշխատանքային հանձնաժողովը, գործում է Կառավարության 825-Ն որոշման համաձայն, ձևավորվում է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով, ունի 5 անդամ, որի կազմում քրեակատարողական վարչության ու «Դատապարտյալների հիվանդանոցի» պաշտոնյաներն են: Հենց ԲԱՀ-ն է երկրորդ օղակին` Միջգերատեսչական փորձաքննության հանձնաժողովին ներկայացնում ծանր հիվանդություններ ունեցող դատապարտյալների մասին իր կողմից կայացված որոշումները:

Միջգերատեսչական փորձաքննության հանձնաժողով կայացնում է դրական ու բացասական եզրակացություններ: Դրական եզրակացություններով գործերը մտնում են դատարան: Պատժի կրումից ազատելու վերջնական խոսքը դատարանինն է:

Ծանր հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատումը գործում է դանդաղ, անարդյունավետ, առանց կոնկրետ ժամանակացույցի ու հստակ ընթացակարգերի: Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից հանդիպել են բազմաթիվ հիվանդ ազատազրկվածներ, որոնց բուժսպասարկման և բուժօգնության տրամադրման խնդիրները մինչ օրս լուծում չեն ստանում կամ ձգձգվում են:

Կարգավորված չէ ԲԱՀ-ի կողմից ազատազրկված անձի մոտ կառավարության որոշմամբ հաստատված Կարգով նախատեսված հիվանդության ախտորոշման դեպքում Միջգերատեսչական հանձնաժողովին դիմելու ընթացակարգը, ժամանակահատվածը, նշված ընթացակարգերի թափանցիկության բարձրացման նպատակով բողոքարկման մեխանիզմը:

Միջգերատեսչական փորձաքննության հանձնաժողովը ԲԱՀ-ի ներկայացրած որոշումների հիման վրա կարող է նիստեր գումարել ըստ անհրաժեշտության ողջամիտ ժամկետում, սակայն որևէ կերպ նշված չէ, թե երբ է այդ ողջամիտ ժամկետի ավարտը: Ստացվում է, որ երկրորդ օղակ հանդիսացող ՄԳՀ-ն երբ ցանկանա, այդ ժամանակ էլ նիստ կգումարի ` ամենևին հաշվի չառնելով, որ խոսքը ծանր հիվանդություններ ունեցող դատապարտյալների մասին է, որոնք հաճախ ամիսների կյանք ունեն:

ՄԻ պաշտպանի գրասենյակը 2017-ին նաև արտահերթ զեկույց է հրապարակել, որը վերաբերում է հենց ազատությունից զրկված անձանց տրամադրվող բուժօգնությանը:

2015-2018 թթ. ԵԽ ու ԵՄ շուրջ 900.000 եվրո արժողությամբ ծրագրով իրականացվում է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը: Նպատակն է բարելավել ինչպես օրենսդրական, այնպես էլ քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութական պայմանները, ամրապնդել բուժօգնության տրամադրումը` հզորացնելով քրեակատարողական հիմնարկների բուժծառայողների կարողությունները: Արդարադատության նախարարությունը կազմել է գործողությունների ծրագիր:
Աբովյան ՔԿՀ
Հեղինակ՝ Նազիկ Արմենակյան
Մահացություն: Ստրասբուրգում ԵԽ անդամ պետությունների բանտային «բնակչության» մասին տարեկան ուսումնասիրությունները մտահոգիչ թվեր են պարունակում հայաստանյան բանտերում քաղաքացիների մահացության դեպքերի մասին:

2010 թ.-ից սկսած՝ գրեթե ամեն տարի Հայաստանում արձանագրվել է ազատազրկվածների մահացության ամենաբարձր ցուցանիշը Եվրախորհրդի անդամ երկրներում: Այն մոտ երկու անգամ ավելի է գրանցված միջինից (ուսումնասիրությունը՝ այստեղ):

Վերջին ուսումնասիրությունը ևս բացառություն չէ: 2018-ի մարտի 20-ին Ստրասբուրգում հրապարակվել է Եվրոպայի 47 պետությունների բանտային համակարգի մասին հերթական ուսումնասիրությունը: Լոզանի համալսարանի հետազոտողները տվյալները ստացել են ԵԽ անդամ պետությունների համապատասխան պետական կառույցներից: Ցուցանիշները ներկայացված են 2016 թ.-ի սեպտեմբերի դրությամբ, մահացության դեպքերը՝ 2015-ի հաշվարկով:

Ըստ այդմ, 2015-ին Հայաստանը դարձյալ ՔԿՀ-ներում մահացության ցուցանիշով «առաջատարն» է եղել: 2015-ին Հայաստանի 12 ՔԿՀ-ներում մահացել է 28 քաղաքացի (հղումով նայել 115 էջը): Այսինքն, ըստ ուսումնասիրության, յուրաքանչյուր 10.000 բանտարկյալներից 72-ը մահացել է բանտում: Հայաստանյան բանտերում 2014-ին 38 մահ է գրանցվել (հղումով նայել 114 էջը), 10.000 ազատազրկվածի հարաբերակցությամբ` 95-ն է մահացել բանտում:

Բանտային մահացության բարձր ցուցանիշներ են գրացվել նաև Մոլդովայում և Ադրբեջանում, իսկ Վրաստանում վերջին տարիներին այս առումով վիճակը բարելավվել է: 2015-ին գրանցվել է մահացության 12 դեպք. յուրաքանչյուր 10.000 բանտարկյալից 11-ը մահացել է բանտում:

Ըստ ԱՆ ՔԿՎ-ից՝ «Հետք»-ին տված տեղեկատվության՝ 12 ՔԿՀ-ներում 2016-ին գրանցվել է մահվան 24 դեպք, որից 14-ը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: 2017-ին մահվան ցուցանիշը իջել է, գրանցվել է մահվան 17 դեպք:

Հայաստանյան բանտերում մահացության՝ Եվրոպայում մինչև 2015-ը գրանցված ամենաբարձր ցուցանիշը հետևանք է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություններով անձանց պատժից ազատելու գործընթացի ոչ լիարժեք ու ոչ օպերատիվ գործունեության, ՔԿՀ-ներում 346 768 ոչ բավարար ծառայությունների մատուցման, ոչ բավարար սննդի ու պայմանների:
Պայմանական վաղաժամկետ ազատում: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատումը սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածով:

Աշխարհում կա պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատության երեք մոդել՝ պարտադիր, հայեցողական և խառը: Առաջինի դեպքում միայն դատարանը կարող է որոշում կայացնել անձին պայմանական ազատելու մասին: Երկրորդի պարագայում ` պայմանական ազատումը և՛ դատարանով կարող է լինել, և՛ հանձնաժողովային կարգով: Իսկ խառը տիպի դեպքում՝ երկու ձևը կարող է կիրառվել միանգամից:

Նոր մշակված օրենսդրական փաթեթը ԱԺ-ի կողմից ընդունվել է 2018-ի մայիսի 23-ին։ Ըստ դրա, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթացը սկսվում է այն ժամանակ, երբ դատապարտյալն ինքն է դիմում ներկայացնում պայմանական վաղաժամկետ ազատվելու համար:

Դատապարտյալն այդպիսի դիմում պետք է ներկայացնի պատժի ժամկետի լրանալուց երեք ամիս առաջ: Պատշաճ վարքագիծը և դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող զեկույցներ է տրամադրում մասնագիտացված երկու կառույց` 80 օրվա ընթացքում:


1․ քրեակատարողական ծառայությունը
2․ պրոբացիայի ծառայությունը


Դատապարտյալը կարող է այդ որոշումը բողոքարկել առաջին ատյանի դատարանում:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական դիտորդների խմբի 2016 թ.-ի հաշվետվության մեջ նշված է, որ տարեցտարի նվազում է պայմանական վաղաժամկետ ազատվող դատապարտյալների թիվը։ «Այս ինստիտուտը շարունակում է հասանելի չլինել ֆինանսական սահմանափակ հնարավորություններ ունեցող (կամ այդպիսիք չունեցող) և/կամ բարձր հովանավորչություն չունեցող ազատազրկված անձանց համար: Վերջին պնդումն ուղղակիորեն վկայում է նաև կոռուպցիոն ռիսկերի մասին», - ընդգծել են ՔԿՀ-ներում հասարակական դիտորդները։

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրավական չափանիշներ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համակարգի վերաբերյալ: Ուսումնասիրվել է 2017 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում այս համակարգի գործունեությանն առնչվող վիճակագրությունը, վեր են հանվել ոլորտի գործնական և օրենսդրական խնդիրները:

Արդյունքները վկայում են, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատումը շարունակվում է գործել թերություններով, ինչն էլ բացասաբար է անդրադառնում ազատությունից զրկվածների իրավունքների պաշտպանության վրա:

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ոլորտի բարեփոխմանն ուղղված կոնկրետ առաջարկներ, որոնք տեղ են գտել նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2017 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում:

Եվրոպական դատարանի դիրքորոշման համաձայն, պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի առկայությունը, սակայն դրա չկիրառումը հանգեցնում է անհաղթահարելի պատժի, ինչը հավասարազոր է անմարդկային վերաբերմունքի։

Դատապարտյալները ահազանգում են, որ «տաբուի» տակ են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ, որոնցով պայմանական վաղաժամկետ ազատում չի կիրառվում (104-րդ՝ սպանություն, 112-րդ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, 113-րդ՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, 175-րդ՝ ավազակություն, 176-րդ՝ կողոպուտ, 178-րդ՝ խարդախություն, 179-րդ՝ յուրացնելը կամ վատնելը, 215-րդ՝ մաքսանենգություն, 266-րդ՝ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը կամ իրացնելն ու պատրաստելը և այլն):
Նուբարաշեն ՔԿՀ
Հեղինակ՝ Վաղինակ Ղազարյան

Քրեական ենթամշակույթ: «Գողական» ենթամշակույթի կրողները լրագրողների հետ շատ քիչ են շփվում, նրանց ներքին օրենքներով «արգելված» է հարցազրույցներ տալ, բանտերի առօրյայի մասին խոսել, առավել ևս` բողոքել այս կամ այն արատավոր երևույթի մասին: Սա է, թերևս, պատճառը, որ այդ փակ «աշխարհի» մասին քիչ ինֆորմացիա է հասնում ճաղերից այս կողմ:

Այս ենթամշակույթն առաջացել է Սովետական Միությունում 1930-ականներին` Իոսիֆ Ստալինի կողմից: Նպատակը հանցավոր աշխարհի հեշտ կառավարումն էր: Ի տարբերություն քաղաքական բանտարկյալների, քրեականները շուտ էին ազատվում բանտերից: Նախորդ դարում գողականների հիմնական գաղափարը քաղաքականությունից դուրս մնալն էր, սեփականություն, ընտանիք, երեխաներ չունենալը: Սովետական Միությունն արդեն 27 տարի է` չկա, բայց գողական ենթամշակույթը գործում է:

Թեպետ որոշ հրապարակումներ, հետազոտություններ կան այս ենթամշակույթի մասին, այդուհանդերձ, այն քիչ է ուսումնասիրված: Մի քանի փորձ, իհարկե, քաղաքացիական հասարակության կողմից արվել է` բացելու այս փակ թեման: Առաջինը Հայաստանի Հելսինկյան կոմիտեն էր, որ 2013-ին նախաձեռնեց հարցազրույցների շարք արդեն իսկ ազատված քաղաքացիների հետ` վերնագրելով զեկույցը «Ազատազրկո՞ւմ, թե՞ տառապանք»:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության հետ համատեղ հրապարակել է բանտային ենթամշակույթի մասին հետազոտություն` «Ոչ ֆորմալ հարաբերությունները Հայաստանի ազատազրկման վայրերում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օրինակով» վերնագրով: Հարցազրույցներ են անցկացրել վերջին 5 տարվա ընթացքում տարբեր ժամկետով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված, ներկայումս ազատության մեջ գտնվող անձանց հետ։

Ըստ հետազոտության տվյալների` ՔԿՀ վարչակազմն աջակցում է ոչ ֆորմալ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, քանի որ այդ կերպ լուծում է մի շարք խնդիրներ: «Նայողների» միջոցով վերահսկվում է կարգապահությունը և մաքրության պահպանումը, կազմակերպվում է դրամահավաք, լուծվում են խցերի վերանորոգման և պայմանների բարելավման հարցերը, և վարչակազմը կարիք չի ունենում այդ ամենի մասին հոգ տանելու:

Հետազոտության համաձայն` սա փոխհատուցում է բանտում առկա անձնակազմի և ռեսուրսների սղությունը, թույլ է տալիս լուծել կենցաղային խնդիրներ և իրականացնել ռեսուրսների վերաբաշխում հարուստներից աղքատներին՝ սննդի, ծխախոտի, սուրճի և այլ բարիքների ավելցուկներն մյուս խցեր փոխանցելու միջոցով:

Բանտերում կիրառվող հատուկ տերմինաբանությունը հիմնականում աղավաղված ռուսերեն բառերն ու արտահայտություններն են, դարձյալ` խորհրդային ռեժիմի ժառանգություն: Գողական օրենքը կոչվում է «պռագոն»: Այն առավել խիստ է գործում նույնասեռականների (կամ ինչ-ինչ պատճառով այդպիսին համարվողների) և գողական օրենքը դիտավորյալ խախտած դատապարտյալների՝ «թռածների» նկատմամբ:

Նրանք, ըստ հետազոտության, բանտային հիերարխիայի ամենաստորին շերտում են՝ մեկուսացված և ստորացված կարգավիճակում, պահվում են ամենավատ պայմաններն ունեցող և գերբնակեցված բանտախցերում, որտեղ չկա «նայող», հետևաբար` չկա կարգապահություն, և բանտարկյալների միջև հնարավոր է բռնություն:

Հիերարխիայի ամենավերին օղակը զբաղեցնում է հիմնարկի ամենաբարձր գողական հեղինակությունը՝ «պալաժենեցը»: Հետազոտության տվյալների համաձայն` նա ապրում է հատուկ բանտախցում, կարող է ազատ շրջել բանտում: «Պալաժենեցը» կարող է գողական օրենքի խախտման դեպքում պատիժներ սահմանել, վեճեր և կոնֆլիկտներ լուծել, որոնք չեն կարողանում կարգավորել «նայողները», բանտախցերում ազատազրկվածների բաշխման վերաբերյալ որոշումներ կայացնել, դատապարտյալներից դրամահավաք՝ «գրեֆ», կազմակերպել և դրա վերաբաշխումն իրականացնել, ինչպես նաև՝ հիմնարկի վարչակազմի հետ հարցեր համաձայնեցնել:

Հետազոտության տվյալներով՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկվածները փողով խաղում են տարբեր խաղեր (խաղաթղթեր, նարդի, շախմատ, շաշկի, դոմինո և այլն): Դրան նպաստում են պարապությունը և ձանձրույթը: Խաղալ կարելի է ինչպես կանխիկ փողով, այնպես էլ՝ պարտքով, ինչը ռիսկային է անփորձ և մոլի խաղացողների համար: Մոլախաղերում հաղթած գումարի մի մասն ուղարկվում է «պալաժենեցին», իսկ պարտված գումարների շրջանառությունը կարող է ամբողջությամբ իրականացվել բանտի պատերից դուրս և ընդհանրապես չվերահսկվել վարչակազմի կողմից:
3.3 Անմեղության կանխավարկած
Անմեղության կանխավարկածը սահմանադրական հիմնարար իրավունք է, այն որևէ կերպ չի սահմանափակվում: ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն, հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սահմանադրական այս դրույթը առավել հաճախ խախտվում է իրավապահների, նաև՝ մեր՝ լրագրողներիս կողմից: Շատ հաճախ իրավապահները մամուլի հաղորդագրություններ են տրամադրում այս կամ այն հանցագործությունը բացահայտելու վերաբերյալ և դրանում նշում են անձին նույնականացնող տվյալներ, իսկ լրատվամիջոցները նույնությամբ արտատպում են այդպիսի հաղորդագրությունները:

Հայկական ԶԼՄ-ներում անմեղության կանխավարկածը հաճախ է խախտվում: Մենք շտապում ենք քաղաքացուն մեղադրել, դատապարտել մեր լուսաբանումներում՝ այդպիսով հանրությանը մատուցելով պատրաստի մեղավորին: Ճիշտ է, վերջերս պետական մարմինները մամուլի հաղորդագրություն տարածելիս վերջում ծանուցման տեսքով կցում են նաև անմեղության կանխավարկածի դրույթի սահմանումը, սակայն, այդուհանդերձ, անձնական տվյալներ, անձին նույնականացնող տվյալներ՝ անուն-ազգանուն, ապրելու վայր, լուսանկար հրապարակելով հասարակության համար արդեն որոշում ենք անձի դատավճիռը դեռ մինչև գործը դատարանում քննելը:

Ուստի, պետք է խուսափել անձին նույնականացնող տվյալների՝ լուսանկար, տեսանյութ, անուն-ազգանուն, բնակության վայր, հասցե, հրապարակումից: Կարելի է կիրառել միայն անվան ու ազգանվան առաջին տառերը:
3.4 Խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունք
Հայաստանի վերաբերյալ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի բոլոր զեկույցները` սկսած առաջին` 2002թ. զեկույցից աննշան սրբագրումներով կրկնում են իրար: Այս մասին պարբերաբար բարձրաձայնում են տեղական ու միջազգային կազմակերպություները, իրավապաշտպանները:

Գրեթե բոլոր զեկույցներում առկա են փակ հիմնարկներում գտնված մարդկանց վկայություններ ֆիզիկական ու հոգեբանական բռնության մասին. ծեծ` աթոռի ոտքերով, ռետինե մահակներով, պոլիէթիլենային տոպրակով խեղդամահ անելու դեպքեր, հակագազով խեղդելու մասին վկայություն, հարթաշուրթով մատներն ու եղունգները սեղմելու դեպքեր: ԽԿԿ բոլոր զեկույցներում Հայաստանի իշխանություններին կոչ է արվում ամենաբարձր քաղաքական մակարդակով իրականացնել քաղաքացիների՝ խոշտանգումներից զերծ լինելու իրավունքը, պատշաճ քննություն կատարել յուրաքանչյուր գործով, պատասխանատվության ենթարկել խոշտանգողներին:

Դեռևս 1993թ. մեր պետությունը վավերացրել է ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոնվենցիան: Սակայն մասնագետներն ամենախնդրահարույց հարցը համարում են այն, որ ՀՀ քրեական օրենսգրքում «խոշտանգում» եզրույթը մինչև 2015-ը շարունակել է չհամապատասխանել ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոնվենցիային: Մեր օրեսդրությամբ այն դիտարկվում էր պարզապես «քաղաքացի-քաղաքացի» տիրույթում, մինչդեռ Կոնվենցիայում հստակ նշված է, որ խոշտանգման հանցակազմը «պետական համակարգ-քաղաքացի» հարաբերություններում է:

Միայն 2015-ին ՔՕ փոփոխություններով է խոշտանգման հանցակազմը վերջապես համապատասխանեցվել ընդդեմ խոշտանգումների կոնվենցիային: Սահմանվել է նոր՝ 309.1 հոդվածը: Խոշտանգողի համար նախատեսված է 4-8 և որոշ ծանր հետևանքների դեպքերում՝ 7-12 տարվա ազատազրկում, որոշակի իրավունքներից զրկում, իսկ խոշտանգվողը, Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան փոփոխությամբ, պետությունից կարող է ստանալ 3 մլն դրամի բարոյական վնասի փոխհատուցում:

Թեև փոփոխությունն արված է շուրջ երեք տարի առաջ, սակայն դատական վիճակագրությունը փաստում է, որ անցած երեք տարում ՔՕ 309.1 հոդվածով դատապարտված պաշտոնյա Հայաստանում չկա: Խոշտանգողները Հայաստանում գրեթե միշտ անպատիժ են մնում:

Այդ մասին վկայում են վիճակագրական թվերը: Ճիշտ է, ՀՔԾ-ում քրեական գործեր են հարուցվում, բայց, որպես կանոն, կարճվում են նախաքննական փուլում, հիմնականում՝ հանցակազմի բացակայության հիմքով: Վերջին 3 տարիներին խոշտանգումների մասով հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, սակայն 75-110 քրեական գործերից ընդամենը 2-ն են հասել դատարան:

Հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է, որն ընդունվել է ՄԱԿ-ի կողմից: Օրվա ընտրությունը պատահական չէ. 30 տարի առաջ՝ 1987 թ. հունիսի 26-ին է ուժի մեջ մտել ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիան:

25 տարի հայաստանյան քաղաքացիական հասարակությունն ավանդաբար նշում է այս օրը՝ բարձրաձայնելով խոշտանգումներից զերծ լինելու և մնալու բացարձակ իրավունքի,` ուժային կառույցներում և այլ պետական մարմիններում քաղաքացիների նկատմամբ խոշտանգման անթույլատրելիության մասին:

Կոնվենցիայով սահմանված է խոշտանգում եզրույթը, ըստ որի` դա այն գործողությունն է, որով որևէ անձի դիտավորությամբ պատճառվում է մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք՝ նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, այն գործողության համար պատժելու, որը կատարել կամ որի կատարման մեջ կասկածվում է նա կամ երրորդ անձը, նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, որևէ խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով, երբ նման ցավը կամ տառապանքը պատճառվում է պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի կողմից, դրդմամբ կամ համաձայնությամբ:

Հայաստանում քաղաքացիներին ամենից հաճախ խոշտանգում են ոստիկանությունում, քրեակատարողական հիմնարկներում և բանակում: Այսպես են կարծում հենց Հայաստանի քաղաքացիները (1200 անձ), որոնք մասնակցել են «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի 2014 թ. հարցմանը: Խոշտանգողները, սակայն, հիմնականում մնում են անպատիժ: Այդ մասին վկայում են թվերը: Ճիշտ է, ՀՔԾ-ում քրեական գործեր հարուցվում են, բայց կարճվում են նախաքննական փուլում: Տարեկան մոտ 90 քրեական գործից 1-2 գործ է մտնում դատարան:

Ինչո՞ւ են իրավապահ կառույցներում դիմում խոշտանգումների օգնությանը: Պատասխանը պարզ է՝ սովորաբար ֆիզիկական ու հոգեկան ցավի միջոցով իրենց ցանկալի տեղեկությունն ստանալու համար: Սովորաբար դա լինում է ինքնախոստովանական ցուցմունք կորզելու, մարդուն ճնշելու նպատակով: Խորհրդային տարիներին իրավապահ համակարգում գործում էր Վիշինսկու հայտնի «օրենքը», ըստ որի` ինքնախոստովանական ցուցմունքը ապացույցների թագուհին էր:

Անկախ Հայաստանի առաջին տարիների քրեական գործերին ծանոթանալով՝ տեսնում ենք, որ բազմաթիվ են դեպքերը, երբ, օրինակ, զինվորական գործերով վկաները տասնյակ օրեր ազատությունից անօրինականորեն զրկված են եղել` գտնվելով ՌՈ-ում՝ : Զինծառայողները չեն ունեցել անգամ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ: Զինվորները, չդիմանալով ճնշումներին, ծեծին, հաճախ տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ ու կալանավորվել: Արդեն ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ կամ դատարանում նրանք հայտնել են, որ ինքնախոստովանական ցուցմուքները տվել են խոշտանգումների հետևանքով:
4. Փակ հաստատությունների լուսաբանման խնդիրները
Նախ պետք է պարզել լրագրողի նպատակը փակ հաստատություններում գտնվող քաղաքացու իրավունքների լուսաբանման վերաբերյալ: Արդյոք առաջնահերթությունը տրված է սենսացիային՝ լայքեր հավաքելուն, սենսացիոն նյութ հրապարակելուն, կայքի, լրատվամիջոցի այցելությունները մեծացնելուն, թե խնդիրը հանրությանը տեղեկացնելն ու իրավասուների առաջ բարձրացնելը: Ըստ այդ նպատակի էլ կառուցվում է լրագրողական նյութը:

Փակ հաստատությունների թեման լուսաբանելիս լրագրողն անպայման բախվելու է բյուրոկրատիայի հետ: Ուստի, պետք է նախ իմանա իր իրավունքները, ներպետական ու միջազգային կարգավորումները:

Փակ պետական հաստատություններում մարդու իրավունքների հիմնախնդիրների լուսաբանումը, դրա նախապատրաստությունը համբերատարների գործն է: Այն բարդ ու ժամանակատար է մի քանի պատճառներով:
1
Հիմնական բարդությունները
մուտքի թույլտվության ձեռքբերում
էթիկայի իմացություն
անվտանգության հարցեր
օպերատիվության հարցեր
իրավական գիտելիքների իմացություն
2
Լրագրողն իրավունք ունի
ինֆորմացիայի հավաքման
տեղում խնդրին ծանոթանալու
տեղեկատվական աղբյուրներ ունենալու
աղբյուրները չբացահայտելու՝ անհրաժեշտության դեպքում
3
Լրագրողը պարտավոր է
ստուգել հավաքած տեղեկատվությունը՝ fact checking
հրապարակել միայն ճշգրիտ տեղեկատվություն
հրապարակումը կառուցել ստուգվա փաստերի ու ապացույցների վրա
պահպանել լրագրողական էթիկայի կանոնները
4.1 էթիկական հարցեր
Հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրն ընդունվել է 2007 թ. մարտի 10-ին, իսկ վերախմբագրված տարբերակը հաստատվել է Կանոնագիրը ստորագրած լրատվամիջոցների ժողովում՝ 2015-ին: Կանոնագիրն ունի 7 սկզբունք:
1
Սկզբունքեր
ճշգրտություն և անկողմնակալություն;

ազնվություն տեղեկությունների աղբյուրների հետ հարաբերություններում

խմբագրական անկախություն

հարգանք մարդկանց անձնական կյանքի եւ այլ իրավունքների նկատմամբ

հարգանք զանազան խմբերի ներկայացուցիչների և համամարդկային արժեքների նկատմամբ

ազնվություն հանրության հետ հարաբերություններում

Ազնվություն ընտրությունները և հանրաքվեները լուսաբանելիս
2
Բացառել
լրագրողական նյութերում փակ հաստատություններում գտնվող քաղաքացիների, երեխաների անօգնական վիճակը ի ցույց դնող պատկերները

առանց փակ հաստատություններում գտնվող քաղաքացիների կամ նրանց օրինական ներկայացուցչի համաձայնության, չլուսանկարել, չտեսանկարահանել, չձայնագրել

3
Խուսափել
առանց փակ հաստատություններում գտնվող քաղաքացիների, երեխաների կամ նրանց օրինական ներկայացուցիչների համաձայնության անունների հրապարակումից:

կեղծ հուսադրումից, թե պատրաստվող հրապարակումները կարող են իրավիճակ փոխել (ընդհակառակը, պետք է զգուշացնել, որ գուցե հնարավոր է անկանխատեսելի սցենար, գուցե հրապարակումից հետո կարող է ավելի վատ լինել: Օրինակ՝ իրավունքները կարող են ամբողջովին սահմանափակվել: Թեև ինքս այն կարծիքին եմ, որ ինչքան հանրային է խնդիրը, այնքան պաշտպանված է անձը):

հրապարակման սենսացիոն փաթեթավորումից: Դրանից նյութն էժանանում է բովանդակային առումով:

հրապարակման մեջ սեփական կարծիքն արտահայտելուց, փոխարենը՝ լավ կլինի առավել կենտրոնանալ փաստերի վրա:

ավելորդ հուզականությունից, ինչը վկայում է փաստերի ոչ բավարար լինելու մասին:


Լուսաբանում ենք «Մի՛ վնասիր» սկզբունքով

Լրագրողը ոչ մի դեպքում իր խոսքով կամ գրով պետք է չվիրավորի այս կամ այն էթնիկ խմբի կամ կրոնական կազմակերպության ներկայացուցչին:

Կան դեպքեր, երբ փակ հաստատությունում գտնվող քաղաքացին տալիս է իր համաձայնությունը, սակայն լրագրողը որոշում է «Մի՛ վնասիր» սկզբունքից ելնելով՝ չանել հարցազրույց կամ չտեսանկարահանել նրան: Այդպես կարելի է վարվել, օրինակ, երբ անչափահասը, որը գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում, նշում է, որ ինքը սեռական փոքրամասնության անդամ է ու ուզում է այդ մասին բարձրաձայնել՝ կապված ՔԿՀ-ում իր իրավունքների ոտնահարման դեպքերի հետ: Եթե անգամ նրա օրինական ներկայացուցիչը համաձայն է, որ երեխան տեսանկարահանվի, լրագրողը կարող է առաջարկել անձը չբացահայտող քողարկող ֆոն. հավանական է, որ տարիներ անց նա զղջա, որ թույլ է տվել իրեն տեսանկարահանել: Իսկ անձնական տվյալները կարելի է փոփոխված գրել կամ միայն սկզբնատառերով՝ ելնելով երեխայի լավագույն շահից:


Հարցազրույցներ խոցելի խմբերի անդամների հետ


Ցանկացած հարցազրույցից առաջ պետք է խորությամբ ծանոթանալ նյութին, որպեսզի հարցադրումները լինեն գրագետ ու փաստարկված: Անտեղյակ լրագրողին կարելի է հեշտությամբ խաբել, ասել կես ճշմարտությունը կամ ապատեղեկատվություն տարածել: Պետք չէ միանգամից միացնել ձայնագրիչը. մի քիչ զրուցելը չի խանգարի: Հաշվի առեք, որ հասարակության խոցելի խմբերում հոգեբանական բարդ խնդիրներ ունեցող մարդիկ են: Ուստի, փակ հաստատություններում հարցազրույցներ վարելիս պետք է առանձնահատուկ պատրաստվել նաև հոգեբանորեն, քանի որ պատմությունները հիմնականում արտասովոր են լինում, ուղեկցվում են հուզական ապրումներով: Պետք է կամային որակներ մշակել, որպեսզի հեշտ լինի դիմակայելը և կարողանալ ճիշտ պահին զսպել արցունքները, չտալ կանխակալ, սթրեսի վերապրում բերող հարցեր և այլն:
Նուբարաշեն ՔԿՀ
Հեղինակ՝ Վաղինակ Ղազարյան
Հարցազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ

Հայաստանյան ՔԿՀ-ներում, փակ ռեժիմային պայմաններում, հարցազրույցը հիմնականում թույլատրվում է քննչական սենյակներում, ոչ թե դատապարտյալների խցերում: Լրագրողն այդպես էլ չի կարողանում տեսնել դատապարտյալի կեցության պայմանները: Հսկիչները քննչական սենյակ են ուղեկցում դատապարտյալին: Իսկ կիսաբաց ռեժիմային գոտում երբեմն թույլատրվում է մտնել կացարաններ:

Նախ ծանոթացեք, մեկ-երկու րոպե նրա որպիսության հարցերը քննարկեք, մի ստեղծեք տպավորություն, թե լարված եք, քանի որ Ձեր հարմարավետ տարածությունից դուրս եք ու անսովոր միջավայրում: Բնական է՝ լրագրողն ամեն օր ՔԿՀ չի գնում: Ձայնագրող որևէ սարք միացնելիս` զգուշացրե´ք: Հարգե´ք մարդու ընտրության իրավունքը, զգացե´ք հարցի հանրայնացման նրբությունների, հետևանքների պատասխանատվությունը, տվե´ք պարզ, ոչ կանխակալ հարցեր: Քրեական գործից հարցրեք միայն այն դեպքում, երբ նախապես ուսումնասիրել եք այն, ծանոթ եք բոլոր նյութերին:

Հարցազրույցներ խոցելի խմբերի երեխաների հետ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մշակել է երեխայի վերաբերյալ լուսաբանումների էթիկական սկզբունքներ: Հասարակության խոցելի խմբերի երեխաների հետ հարցազրույցներն ունեն հատուկ կարգավորումներ: Նախ պետք է ստանալ երեխայի օրինական ներկայացուցչի՝ ծնողների, խնամակալների, խնամակալի համաձայնությունը:

Երեխայի՝ մինչև 18 տարեկան ցանկացած անձի, անձնական տվյալների մշակումը (հավաքում, պահպանում, հրապարակում) իրականացվում է միայն երեխայի ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ:

16 տարին լրացած լինելու դեպքում երեխայի անձնական տվյալները կարող են հրապարակվել նրա համաձայնությամբ: Առանց համաձայնության ԶԼՄ-ները կարող են հրապարակել երեխայի անձնական տվյալները, եթե հայտնի է դարձել, որ, օրինակ՝ սպորտի չեմպիոն է: Կամ, օրինակ, երբ կորել է և նրա լուսանկարը, անուն, ազգանունը հրապարակելու անհրաժեշտություն կա:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է խնամքի գիշերօթիկ հաստատություններում ու սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում երեխաների, հատուկ հաստատություններում ու սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում տարեց և կամ հաշմանդամություն ունեցող անձանց անձնական տվյալների մշակման վերաբերյալ մեթոդական ուղեցույց:

Ուղեցույցում նշված է, որ երբ ԶԼՄ-ները տեղեկություններ են հրապարակում երեխայի անօգնական վիճակի վերաբերյալ, օրինակ, սոցիալապես անապահով լինելու կամ ծանր հիվանդությամբ տառապելու մասին, երեխայի ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնությունը տվյալ դեպքում բավարար չէ նման հրապարակումը հիմնավորելու համար: Նման իրավիճակներում ԶԼՄ-ները պետք է հաշվի առնեն երեխայի անօգնական վիճակի վերաբերյալ տեղեկության հրապարակմամբ երեխայի լավագույն շահին վնաս հասցնելու հնարավորությունը և գերակա հանրային շահի առկայությունը:

Ըստ այդմ, Հաստատության տարածքում արգելվում է շահառուների լուսանկարահանումը և տեսանկարահանումը առանց նրանց կամ օրինական ներկայացուցչի համաձայնության: Մարդկանց անձնական կյանքի համար հնարավոր զգայուն վայրերում, ինչպիսիք են հաստատությունները, տեսա/լուսանկարահանումներ կատարելու համար պահանջվում է տվյալ հաստատության ղեկավարի թույլտվությունը: Անկախ նշված հաստատությունների ղեկավարների կողմից թույլտվություն տալու հանգամանքից, լրագրողները չպետք է տեսա/լուսանկարահանեն այն անձանց, որոնցից հնարավոր չէ սպասել ազատ կամահայտնությամբ տրված համաձայնություն, քանի որ այդ անձինք գտնվում են որևէ միջադեպից հոգեպես ճնշված վիճակում (օրինակ, բռնության ենթարկված ծեր կամ երեխա):

Կարևոր է ընտանեկան ու անձնական իրավունքի պահպանման հարցը, որը երաշխավորված է ՄԻ եվրոպական Կոնվենցիայի 8-րդ հոդվածով: Ուստի, լրագրողները պետք է խուսափեն խիստ անձնական խնդիրների վերհանումից, եթե դրանք հանրային հետաքրքրություն չեն ներկայացնում: Հետաքրքրությունը պետք չի շփոթել հետաքրքրասիրության հետ:

Հրապարակվող նյութը որքան ավելի անձնական է, այնքան ավելի զգուշավորություն պետք է ցուցաբերել: Օրինակ, երեխայի նեղ ընտանեկան խնդիրների վերաբերյալ տեղեկությունները կարող են հրապարակվել միայն բացառիկ դեպքերում:

Սակայն չարաշահումների, հանրային միջոցների ոչ արդյունավետ ծախսման, կոռուպցիոն սխեմաների բացահայտման, մարդու իրավունքների խախտման դեպքերի մասով, երբ առկա է հանրային շահ, լրագրողները բացահայտող դեր են կատարում՝ վեր հանելով հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկություններ: Ինչպես գիտեք, ԶԼՄ-ների հրապարակումները, ըստ քրեական դատավարության օրենսգրքի, կարող են դիտարկվել որպես հանցագործության մասին հաղորդումներ:

Դատապարտված կանայք առանձնանում են բարձր զգացմունքայնությամբ, անկայունությամբ և սենտիմենտալությամբ: Կանայք շատ սուր և յուրահատուկ կերպով են ընկալում հասարակությունից մեկուսացման փաստը: Նրանց մոտ ավելի ընդգծված են լինում կարոտի, վրդովմունքի և անելանելության զգացողությունները:

Կանանց բնորոշ են բնավորության անկայունությունը, դյուրագրգիռությունը, նյարդահոգեբանական պոռթկումները: Հանդիպումից առաջ ցանկալի է, որ լրագրողը հաշվի առնի այս ամենը և փորձի նախապես պատրաստվել այդպիսի զարգացումներին:

Միաժամանակ կանանց մասին որևէ նյութ պատրաստելուց առաջ ցանկալի է, որ լրագրողը, բացի ուղեցույցում նշված իրավական ակտերից, ծանոթ լինի նաև «Կին բանտարկյալների հանդեպ վերաբերմունքի և կին դատապարտյալների նկատմամբ կիրառվող՝ ազատությունից զրկելու հետ չկապված միջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի կանոններին» (Բանգկոկյան կանոններ,բանաձև թիվ 2010/16):
4.2 Լուսաբանման լեզուն` մատչելիություն, գրագիտություն, բովանդակություն
Ձեր հրապարակմանը տվեք մարդկային դեմք, գրեք հերոսի մասին, ապա` խնդրի: Այսինքն՝ կամ անցում մասնավորից՝ հանրային, կամ հակառակը՝ հանրայինից՝ մասնավոր: Ներառեք վիճակագրություն: Օգտագործեք լրագրության ժամանակակից գործիքներ՝ թվեր, լուսանկարներ, տեսանյութեր:

Այսօրվա գերզբաղված ընթերցողին մուլտիմեդիայի գործիքներով 2 րոպեում ավելի շատ ինֆորմացիա կարող է փոխանցվել, քան երկար տեքստով, որը հաճախ չի ընթերցվում: Պետք է հնարավորին չափ ներառել կոնֆլիկտի բոլոր կողմերին: Միայն այդ դեպքում լրագրողական աշխատանքը կլինի ամբողջական ու ոչ կանխակալ:

Լրագրողական նյութ պատրաստելիս պետք է խուսափել տերմինների օգտագործման առատությունից, դրանք նյութը դարձնում են դժվարամարսելի: Իսկ եթե տերմինի կիրառումն անխուսափելի է, ապա լավ կլինի տալ նաև բացատրություններ պարզ, մատչելի լեզվով: Իսկ առհասարակ, շարքային ընթերցողին պետք է չծանրաբեռնել անհասկանալի տերմիններով:

Հաճախ իրավական թեմաներ լուսաբանելիս կարելի է հանդիպել «վճիռ» ու «դատավճիռ» տերմիններին: Պետք է իմանալ, որ վճիռը կիրառվում է քաղաքացիական գործերով, իսկ դատավճիռը՝ քրեական: Եթե մի իրավաբան լրագրողական հոդվածում տեսնի` քրեական գործի պարագայում գրված է վճիռ բառը, նա այլևս չի շարունակի ընթերցանությունը, անգամ եթե հոդվածն արժանի է բարձր գնահատականի: Իրավաբանը պարզապես անլուրջ կվերաբերի, հաշվի չի նստի հոդվածում արծարծված խնդրի հետ` միայն տերմինի սխալ կիրառման պատճառով:

Պետք է խուսափել խտրական, կարծրատիպ ձևավորող բառերից: Օրինակ, հաճախ ազատազրկվածների պարագայում օգտագործվում է հանցագործ բառը: Այդ բառը մինչ օրս կարելի է գտնել դատախազության տարեկան հաղորդումների մեջ: Սակայն լրագրողները պետք է խուսափեն բացասական զգացում փոխանցող պիտակավորող բառերից:

«Մանկատանը, գիշերօթիկ կամ այլ հաստատությունում խնամվող երեխան պետք է արժանանա նույն վերաբերմունքին, ինչպես ընտանիքում ապրող երեխան՝ առանց որևէ խտրականության։ Ուսուցչի կողմից երեխային «մանկատան երեխա» կամ «գիշերօթիկի երեխա» անվանելը ոչ միայն խտրական վերաբերմունք է երեխայի նկատմամբ, այլ նաև կարող է երեխայի կրթության սահմանադրական իրավունքի իրացման խոչընդոտ հանդիսանալ։ Ավելին, ուսուցիչների նման քայլը կարող է հանգեցնել նաև այդ երեխաների հանդեպ համադասարանցիների բացասական վերաբերմունքին», - նշված է ՄԻ պաշտպանի 2017 թվականի զեկույցում:

ՄԻ պաշտպանի գրասենյակը պարզել է` ՀՀ-ում դեռևս կան հաստատություններ, որոնք անվանման մեջ ունեն «մտավոր թերզարգացում» ձևակերպումը: Դա խորհրդային ժամանակներից գործող անվանումների հետևանքն է և ամրագրված է ՀՀ կառավարության որոշումներում՝ որպես հաստատության առանձին տեսակ: ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 2179-Ն որոշման 4-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների տիպերից է «Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ (օժանդակ) հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Բացի այդ, ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 2179-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 381-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ կետով նշվում է, որ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների տիպերից է մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ (օժանդակ) հանրակրթական ուսումնական հաստատությունը:

5. Պրակտիկ խնդիրներ, հաճախ առաջացող հարցեր
Փակ հաստատությունների խնդիրները լուսաբանելիս լրագրողները առնչվում են պրակտիկ խնդիրների հետ: Առաջին հարցը, որ հուզում է լրագրողին, ինչպես մտնել փակ կամ կիսափակ հաստատություն: Լրագրողը պետք է տիրապետի տարրական հարցից սկսած մինչև կազմակերպչական ու տեխնիկական բնույթի ողջ տեղեկատվությանը: Օրինակ՝ ինչպես դիմել, ում դիմել, որ կառույցին, օրենքի որ նորմը վկայակոչել և այլն:

Ամենատարածված ու ամենաճիշտ ձևը դիմում գրելն է տվյալ փակ հաստատություն՝ մուտքի թույլտվության խնդրանքով:
5.1 Ինչպե՞ս մտնել փակ հաստատություն
Ժամանակ առ ժամանակ լրագրողների մուտքը ՔԿՀ-ներ թույլատրվում է, երբեմն՝ ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն նպատակահարմար չի գտնում այդ պահին կազմակերպել լրագրողի այցը ՔԿՀ-ը, հաճախ դա պատճառաբանվում է աշխատակազմի ծանրաբեռնվածությամբ, երբեմն էլ՝ դատապարտյալի ցանկության բացակայությունն է վկայակոչվում: Քանի որ քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն, դատապարտյալին տեսա/ լուսանկարահանելը կարող է թույլատրվել միայն նրա համաձայնությունն ունենալու պարագայում: Որպեսզի նման ձևակերպումից լրագրողը խուսափի, դատապարտյալը կարող է նախօրոք քրեակատարողական վարչությանը կամ պահման վայրի հիմնարկի վարչակազմին կամ լրագրողին գրավոր իրազեկել իր համաձայնության մասին:

Բացի դրանից, պետական կառավարչական հիմնարկներում լրագրողների հավատարմագրումը կարգավորվում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով (ավելի մանրամասն` 6-րդ հոդվածում) և համապատասխան ենթաօրենսդրական ակտերով:

Վերոնշյալ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա ՀՀ կառավարության 04.03.2004թ. թիվ 333-Ն որոշմամբ սահմանվում է պետական կառավարչական հիմնարկներում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը: Տվյալ որոշմամբ սահմանված օրինակելի կարգի առանձնահատկությունները յուրաքանչյուր գերատեսչություն սահմանում է առանձին որոշման տեսքով:

Ուղեցույցում նշված հիմնարկներում հավատարմագրման առանձնահատկությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի 05.08.2010թ. թիվ 161-Ն և «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 29.04.2004թ. թիվ 446-Ն հրամաններով:

Դիմումների օրինակները՝ հավելված 1-ում:
5.2 Ինչպե՞ս ստանալ անձի համաձայնությունը
Շատ կարևոր է ստանալ անձի համաձայնությունը իրեն տեսա/ լուսանկարահանելու, նրա մասին անձնական տվյալները հանրայնացնելու համար: Շատ ավելի դժվար է ստանալ այդպիսի համաձայնություն, երբ անձը գտնվում է փակ կամ կիսափակ հաստատությունում՝ ՔԿՀ-ում, հատուկ խնամքի հաստատությունում և այլն:

Նման համաձայնագրի առկայության դեպքում հավանականությունը, որ լրագրողին չեն մերժի և կթույլատրեն մուտք գործել ՔԿՀ, ավելի մեծ է. լրագրողն ավելի ապահովագրված է անհարկի մերժումից:

Համաձայնության մեջ դատապարտյալը պարզապես պետք է նշի, որ տալիս է իր համաձայնությունը, որպեսզի տվյալ լրատվամիջոցի տվյալ լրագրողը և լուսանկարիչը այցելեն իրեն տվյալ ՔԿՀ-ում հարցազրույց վարելու նպատակով: Լավ կլինի, եթե դատապարտյալը տա կոնկրետ համաձանագիր: Օրինակ, եթե չի ցանկանում տեսանկարահանում, գրի այդ մասին, նշի, որ ցանկանում է միայն լուսանկարահանում ու ձայնագրում: Լավ կլինի` դատապարտյալը նաև նշի, որ տալիս է համաձայնությունը, որպեսզի լրագրողը ծանոթանա իր քրեական գործի նյութերին ու հրապարակի դրանք:

Համաձայնագրի օրինակը՝ հավելված 2-ում :

Նուբարաշեն ՔԿՀ
Հեղինակ՝ Վաղինակ Ղազարյան
5.3 Ինչպե՞ս ստանալ ինֆորմացիա

Ի՞նչ անել, եթե ունեք ահազանգ փակ կամ կիսափակ հաստանությունից:
1
Նախ պետք է՝
1.Ստուգել տեղեկությունը:
2.Ստանալ մեկնաբանություն պետական մարմնից:
3.Ստանալ մեկնաբանություն հարազատներից, փաստաբաններից:
4.Գտնել հետևյալ հարցերի պատասխանները՝ ո՞վ, ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս:
2
Տեղեկատվական աղբյուրներն են՝

● փակ հաստատություններում գտնվող մարդիկ
● նրանց հարազատները
● նրանց փաստաբանները
● իրավապաշտպանները
● պետական համապատասխան կառույցները
● փորձագետները
● միջազգային կազմակերպությունները
3
Բազային աղբյուրներն են՝
● պաշտոնական հաղորդումներ, վիճակագրություն
● պետական մարմինների պաշտոնական էջեր
● ներպետական օրենսդրություն, այլ իրավական ակտեր
● միջազգային կարգավորումներ
● տեղական ու միջազգային կազմակերպությունների զեկույցներ
● փակ հաստատությունում գտնվող քաղաքացուն վերաբերող փաստաթղթեր
● համացանցում, նաև սոցիալական ցանցերում թեմատիկ որոնում
● դիմում, նամակ համապատասխան փակ հաստատության վարչակազմին կամ ավելի վերադաս պետական մարմնի ղեկավարին
● կոնֆլիկտի բոլոր կողմերի հետ հարցազրույցներ
4
Անանուն աղբյուրներ
Միշտ էլ անանուն աղբյուրները թուլացնում են վստահության ռեսուրսը, հանրությունը սկսում է կասկածամտորեն վերաբերել նման նյութերին: Ուստի, հնարավորինս պետք է խուսափել անանուն աղբյուրների վկայակոչումից: Խուսափեք նյութը սկսել՝ «Մեր հավաստի աղբյուրները փոխանցում են..» կամ «Մեր աղբյուրի վկայակոչմամբ`…» արտահայտություններից:

Նույնն է, թե նախադասությունը սկսենք «Ասում են, …» ձևակերպմամբ: Այդպես էլ ընթերցողին անհայտ է մնում, թե ով է այդ ասողը և ինչու պիտի վստահի այդ ասողին: Սակայն, երբ ծայրահեղ անհրաժեշտ է օգտվել անանուն աղբյուրից, և այդպես թելադրում է հանրային շահը կամ այդպիսով բացահայտվում է հանցագործություն, ապա կարելի է օգտվել անանուն աղբյուրի հայտնած տեղեկատվությունից, իհարկե, այն ստուգելուց հետո:
5.4 Ինչպե՞ս ուսումնասիրել գործի նյութեր
Փակ հաստատությունում գտնվող անձի վերաբերյալ նյութերին նախօրոք ծանոթանալը կարևոր գործիք է գրագետ հարցադրումներ անելու համար, իսկ հետագայում՝ գրագետ լրագրողական աշխատանքի գրավականներից է:

Երբ խոսքը գնում է դատապարտյալի մասին, որը ձեզ դիմել է իր քրեական գործի լուսաբանման ակնկալիքով, ապա պետք է ստանաք նրա համաձայնությունը քրեական գործի նյութերին ծանոթանալու համար: Ապա անհրաժեշտ է դիմել ՀՀ դատական դեպարտամենտ, որպեսզի թույլատրվի արխիվում ուսումնասիրել գործի նյութերը, լուսանկարել կամ տեսանկարահանել դրանք:

Նախ պետք է իմանաք, թե որ դատարանն է կայացրել դատական ակտը, որ թվականին, բնականակար, նշելով նաև դատապարտվածի անուն, ազգանունը: Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել այդ բոլոր տվյալները, որպեսզի դատական դեպարտամենտից կարողանան պատասխանել, թե որ արխիվում են գործի նյութերը: Դրանից հետո լրագրողին գրավոր պատասխանում են դատական դեպարտամենտից՝ նշելով գործի վայրը և տվյալ արխիվի հեռախոսահամարը: Պայմանավորվածությամբ լրագրողը գնում է դատական համապատասխան արխիվ:

Դիմումի օրինակը՝ հավելված 2-ում և 3-ում :

5.5 Ինչպե՞ս կատարել Fact checking՝ փաստերի ստուգում
Fact checking-ը ժամանակակից լրագրության կարևորագույն գործիքներից է, քանի որ տեղեկատվական ահռելի հոսքի պարագայում պրակտիկորեն անհնար է դառնում միանգամից զտել ճշգրիտ, իրականությանը համապատասխանող տեղեկությունը: Դա է պատճառը, որ խմբագրություններում աշխատում են նաև Fact checker-ներ, որոնք ստուգում են ապատեղեկատվությունը, տվյալները, անգամ` վիճակագրությունը:

Սա շատ կարևոր է, քանի որ լրագրողական աշխատանքի ճշգրտությունից է կախված հանրային վստահության աստիճանը: Այնպես որ, պետք է բացառել չստուգված տեղեկատվության հրապարակումը: Լրագրողի, ԶԼՄ-ի ամենաթանկ արժեքը հանրային վստահությունն է, որը ոչ մի դեպքում չի կարելի կասկածի տակ դնել: Ուստի, նույն տեղեկությունը պետք է ստուգել երկու և ավելի անգամ, տարբեր աղբյուրներից:

Լրագրողը կարող է և պետք է արխիվացնի ձայնագրությունները, տեսագրությունները, գործի փաստաթղթերը, նամակներն ու դիմումները: Դրանք շատ կարևոր են, քանի որ հնարավոր է` հետագայում ևս պետքական լինեն փաստերի, ապացույցների ստուգման համար:
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
Հավելված 1.

Ձևաթղթեր՝ ՔԿՀ-ներ մուտք գործելու համար

ՕՐԻՆԱԿ 1



ՕՐԻՆԱԿ 2


Հավելված 2.

Ձևաթուղթ՝ դատապարտյալի համաձայնությունը ստանալու համար


ՕՐԻՆԱԿ



Հավելված 3.

Ձևաթուղթ՝ քրեական գործի նյութերին ծանոթանալու համար


ՕՐԻՆԱԿ

Հավելված 5.

Անհրաժեշտ այլ նյութեր, փաստաթղթեր
Զեկույցներ, հաշվետվություններ, ուղեցույցներ


1. ՄԻՊ արտահերթ հրապարակային զեկույցը «Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց և անչափահասների իրավունքների ապահովման վերաբերյալ»:

2. ՄԻ պաշտպանի զեկույցը՝ հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ:

3. ՄԻՊ արտահերթ հրապարակային զեկույցը «Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ»:

4. Մարդու իրավունքների պաշտպանի՝ կանխարգելման ազգային մեխանիզմի 2017 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:

5. ՄԻՊ գործունեության տարեկան հաղորդումը 2017 թ.:

6. Երեխաների իրավունքների պաշտպանության իրավիճակի վերլուծություն, ՄԻՊ գրասենյակ:

7. Երեխաների իրավունքները մանկական խնամքի և հատուկ ուսումնական հաստատություններում:

8. Դիտորդական խմբի 2016 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը:

9. Երեխաների անձնական տվյալների պաշտպանության ուղղեցույց:

10. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից մշակված երեխայի վերաբերյալ լուսաբանումներ կատարելու լրագրողների էթիկական սկզբունքները:

11. «Քրեակատարողական հիմնարկ լրագրողի մուտքի իրավունքի և այդ կապակցությամբ պետական իրավասու մարմնի պարտականության վերաբերյալ» իրավական չափանիշներ:


Հասցեներ, հեռախոսահամարներ

1. ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների հասցեներն ու հեռախոսահամարներն:

2. ՀՀ ՔԿՎ հանրային կապերի բաժին - hեռ. (+374) 60 47 36 98

3.ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ների մասին տեղեկատվությունն:

4.Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների հասցեներն ու հեռախոսահամարները:

5. ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ
Տնօրենի ժ/պ` Գագիկ Մուշեղի Միրիջանյան
Հասցե` ք. Երևան, Նուբարաշեն, 1/3
(+374 10) 47-53-22, hapakhk@gmail.com

6. ՀՀ ԱՆ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ
Տնօրեն` Գագիկ Հրանտի Կարապետյան
Հասցե` ք. Սևան, Գեղամավանի ճանապարհի վրա
(+374 261) 2-34-00, sevanihh@mail.ru


7. ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ
Տնօրեն` Արեգա Ռոբերտի Հակոբյան
Հասցե` Աճառյան նրբ., թիվ 21
(+374 60) 28 01 00, (+374 60) 28 01 08
mpcavanclinic@mail.ru,
Կայք` www.ahak-center.com


8. «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» հոգեբուժական կենտրոն
Ղեկավար՝ Գագիկ Միրիջանյան, գլխավոր տնօրեն
Հասցե, հեռախոս - Երևան, Նուբարաշեն, 1/3 շենք.
գլխավոր տնօրեն` +374-10-475322


Հավելված 6.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված ՊՈԱԿ-ների ցանկ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված ՊՈԱԿ-ների ցանկ
Սույն հրապարակման բովանդակությունը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները և «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի տեսակետները:
© 2018, Հանրային լրագրության ակումբ: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Եվրոպական միությունը լիազորված է օգտագործել սահմանված պայմաններում:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website